2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար Ուկրաինայում ընտրատեղամասեր չեն բացվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) պարզաբանել է՝ ընտրատեղամասեր չեն բացի այն երկրներում, որտեղ կա «քաղաքական (անկայունություն — հեղ.) կամ պատերազմական իրավիճակ»։
Չնայած դրան, ընտրատեղամաս կբացվի Իսրայելի Ռամաթ-Գանի քաղաքում։ Վրաստանյան Netgazeti լրատվամիջոցն ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել նախարարությունը, երբ հրաժարվել է ընտրատեղամաս բացել Ուկրաինայում, սակայն որոշել է ընտրատեղամաս բացել Իսրայելում, որը պաշտոնապես պատերազմական վիճակում է։
«Չնայած Իսրայելում իրավիճակի սրմանը, ներկա դրությունը հնարավորություն է տալիս անցկացնելու ընտրություններ, այդ թվում՝ ապահովելով ընտրությունների հետ կապված տեխնիկական և նյութատեխնիկական հարցերը, ինչը հաստատել է նաև իսրայելական կողմը։ Իհարկե, եթե խորհրդարանական ընտրությունների օրը երկրում անվտանգության մակարդակը փոխվի, իսրայելական կողմի հետ խորհրդակցության արդյունքում կկայացվի համապատասխան որոշում»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Ի դեպ՝ արտերկրում, բացի Իսրայելից, ընտրատեղամասեր կբացվեն 41 այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, Վրաստանի սահմաններից դուրս կբացվի 60 ընտրատեղամաս։