Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության պլատֆորմի և ԶԼՄ-ների ազատության արագ արձագանքման (MFRR) գործընկեր կազմակերպությունները գնահատել են Վրաստանում ԶԼՄ-ների ազատության որակը: Եվրոպական մեդիա միությունների 10 ներկայացուցիչներ 2 օր՝ հոկտեմբերի 1-ին և 2-ին, ուսումնասիրել են լրագրողների անվտանգության ու ազատության խնդիրները։ Եվ պարզվել է` իրավիճակը սպասվածից շատ ավելի լուրջ ու մտահոգիչ է։
Զեկույցում, որը նրանք պատրաստել են երկօրյա այցից հետո, նշված է, որ Վրաստանում ոչ միայն լրատվամիջոցների ազատության որակն է վատթարանում, այլև ընդհանրապես մարդու իրավունքների վիճակը։ Ընդգծված է, որ իշխանությունը տարբեր գործիքներ է օգտագործում անկախ լրագրողներին վարկաբեկելու համար։
«Լրագրողների վրա բռնի ուժ են գործադրում, սպառնում են, ճնշում են ֆինանսապես և օրենքի անունից: Լրագրությունը Վրաստանում դարձել է վտանգավոր մասնագիտություն»,- ասված է երկօրյա առաքելության ամփոփ զեկույցում։
Նրանց խոսքով՝ լրագրողներն այնքան են մտահոգված իրենց անվտանգությամբ, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս իրենց ուղեկցում են անվտանգությունն ապահովող անձինք։
Նշված է նաև, որ լրատվամիջոցների համար էական մարտահրավեր է «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «գործակալների մասին» օրենքը։
Ըստ առաքելության ներկայացուցիչների՝ բոլորը, ում հետ շփվել են, հիմնական մարտահրավերներից մեկը մատնանշել են լրատվամիջոցների բևեռացումը։ Եվրոպական մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են արել քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին և քաղաքական կուսակցություններին զերծ մնալ բևեռացման խստացումից և անհատներին կամ խմբերին սոցիալական տարածքից հեռացնելու փորձերից։