Վրաստանի ապագան միայն վրաց ժողովուրդը կարող է որոշել. Միշել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Հանդիպման լուսանկարը Միշելը տարածել է X սոցիալական ցանցում։

Միշելն ասել է` Վրաստանի ապագան Վրաստանում կարող է որոշել միայն վրաց ժողովուրդը։

Իր գրառման մեջ Միշելը նշել է` որպես թեկնածու երկիր՝ Վրաստանը պետք է խորացնի բարեփոխումները եվրոպական ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համահունչ:

«Բարեփոխումները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները դեպի Եվրամիություն ուղու հիմքն են»,- գրել է Միշելը։

Բրյուսել կատարած այցի ընթացքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նախագահի աշխատակազմից հրապարակել են նաև նրանց հանդիպման տեսագրությունը։

Ընտրություններից մեկ ամիս առաջ Զուրաբիշվիլին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան։ Սեպտեմբերի 30-ին նա հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, իսկ հոկտեմբերի 1-ին` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։

Նախագահ Զուրաբիշվիլին հրավիրված էր Վարշավայի անվտանգության համաժողովին։ Նա երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպական և ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Միջազգային գործընկերները հերթական անգամ իրենց մտահոգությունն են հայտնել եվրաինտեգրման ճանապարհին հետընթացի և Վրաստանում ռուսական ազդեցության հաստատման կապակցությամբ։