«Միասնություն» կոալիցիան և 2024-ի ընտրությունները

2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում վրաստանյան ընդդիմիության զգալի մասը մասնակեցլու է միավորումների ձևով. պատճառը իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդունված օրենքն է, ըստ որի՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չեն կարողա միավորվել հենց խորհրդարանում: Միավորվելու պատճառներից է նաև բարձր ընտրական շեմը, որը Վրաստանի պարագայում 5 տոկոս է:

Ընտրություններին ընդառաջ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կներկայացնի այն թեկնածու կուսակցություններին և նրանց ծրագրերը, որոնք գրանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ)` առաջադրելով իրենց թեկնածությունը։

Ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը, որը 2004-2012 թվականներին իշխող կուսակցություն էր` «Միացյալ ազգային շարժում»-ն է, որն այս անգամ ընտրություններին գրանցվել է որպես «Միասնություն» անվամբ կոալիցիա։ Բացի բուն «Ազգային շարժում»-ից, նույն հարթակում միավորվել են Գիորգի Վաշաձեի «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունը և «Եվրոպական Վրաստան»-ը, որը կոալիցիայում միավորման որոշումը կայացրեց օգոստոսի 17-ին` նախագահ Գիգա Բոկերիայի և թիմի մի մասի հեռանալու հավաքի օրը։

Կոալիցիայի համարն է 5-ը։ Նրանք կոալիցիայի շնորհանդեսն անցկացրել են սեպտեմբերի 9-ին, բաժանելով ֆորմալ բնույթ ունեցող Եվրամիության անձնագրեր, որտեղ նշված է նրանց 5 նպատակները։ ՄԱՇ-ի նախագահ Թինա Բոկուչավան նշում է, որ ԵՄ անձնագիրը նշանակում է Եմ թոշակ, ԵՄ կրթություն, ԵՄ աշխատավարձեր, Եմ անվտանգություն և բարօրություն։

Խորհրդարանի պատգամավոր և կոալիցիայի անդամ Թամար Կորձաիան նշել է, որ եթե ընտրեն իրենց կոալիցիան խոստանում են, որ Վրաստանը կունենա 14 մլրդ աջակցություն, առանց վիզայի ռեժիմ ԱՄՆ-ի հետ, և կանեն ամեն ինչ՝ որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ անդամ։

Ցուցակի 7-րդ համարը «Եվրոպական Վրաստան»-ի հիմնադիրներից խորհրդարանի նախկին փոխխոսնակ Գիգի Ծերեթելին է։

Ցուցակը գլխավորում է քաղաքական միավորման նախագահ Թինա Բոկուչավան։ Լավագույն տասնյակում է խորհրդային անցյալի հետազոտական ​​լաբորատորիայի (Սովլաբ) գիտաշխատող Իրակլի Խվադագիանին։ Նույն կուսակցությունից պատգամավորի թեկնածու է «Ընտրիր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր Լելա Ջեջելավան։

«Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ցուցակը հետևյալն է.

  1. Թինա Բոկուչավա — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ,
  2. Գիորգի Վաշաձե — «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի հիմնադիր, խորհրդարանի անդամ,
  3. Սոփո Ջափարիձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ,
  4. Կոբա Նակղոփիա — պատգամավոր,
  5. Գիա Ջափարիձե — նախկին դիվանագետ, քաղաքագետ,
  6. Պետրե Ցիսկարիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության նախկին առաջնորդ,
  7. Գիգի Ծերեթելի — «Եվրոպական Վրաստան»-ի հիմնադիրներից, խորհրդարանի նախկին փոխխոսնակ,
  8. Իրակլի Խվադագիանի — պատմաբան, «Խորհրդային անցյալի լաբորատորիա»-ի խորհրդի նախագահ,
  9. Թամար Կորձաիա — պատգամավոր,
  10. Իրակլի Փավլենիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ, ակտիվիստ,
  11. Կախաբեր Օքրիաշվիլի — պատգամավոր,
  12. Ռամազ Նիկոլաիշվիլի — պատգամավոր,
  13. Էկա Սարկեուլիձե — պատգամավոր,
  14. Լևան Խաբեիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական խորհրդի նախագահ, խորհրդարանի պատգամավոր,
  15. Լաշա Բաքրաձե — պատմաբան,
  16. Անա Ծիթիձե — պատգամավոր,
  17. Լևան Անթաձե — Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ,
  18. Պաատա Մանջգալաձե — պատգամավոր,
  19. Լելա Ջեջելավա — բանասիրական գիտությունների դոկտոր, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր,
  20. Գուբազ Սանիկիձե — պատգամավոր, պատմաբան,
  21. Դիմիտրի Չիքովանի — «Միասնություն-Ազգային շարժում» քարտուղարության անդամ,
  22. Գիորգի Չալաձե — իրավաբան

Հուլիսին ՄԱՇ-ին միացան՝

  • «Վրացական երազանք»-ի նախկին քարտուղար, «Եվրոպական Վրաստան»-ի ցուցակի պատգամավոր Արմազ Ախվլեդիանին,
  • Թամար Կորձաիան. նա 2013 թվականին ընտրվել է «Վրացական երազանք»-ի շարքերից` որպես Նաձալադևիի մեծամասնական պատգամավոր միջանկյալ ընտրություններում, իսկ 2020 թվականին դարձել է խորհրդարանի պատգամավոր «Ազգային շարժում» կուսակցության ցուցակով։ Խորհրդարան մտնելուց հետո նա հրաժարվեց անդամակցել ՄԱՇ-ի ֆրակցիային։ 2024 թվականի ընտրություններից առաջ անդամագրվեց «Միասնություն ազգային շարժում» կուսակցությանը,
  • Նախկին դիվանագետ Գիա Ջափարիձեն. նա ցուցակի 5-րդ համարն է,
  • Պատմաբան Լաշա Բաքրաձեն. մինչև սեպտեմբեր նա վրաց գրականության պետական ​​թանգարանի տնօրենն էր։

Հիմնադրման օրվանից մինչև 2015 թվականը կուսակցության նախագահն ու ղեկավարն էր Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «Միացյալ ազգային շարժում»-ն իշխանության եկավ 2003 թվականին՝ «Վարդերի հեղափոխության» արդյունքում։ 2012 թվականին կուսակցությունը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում։

ՄԱՇ

Քաղաքական կուսակցությունը հիմնադրվել է 2001 թվականին` «Վրաստանը փրկելու ազգային շարժում» անվամբ։ 2002 թվականին անդամագրվել է 1999 թվականից գործող «Միացյալ ազգային շարժում» միավորմանը և վերցրել այդ անունը։

2002 թվականին կուսակցությունը դաշինք կազմեց պահպանողականների և հանրապետականների հետ։ Դաշինքը հաջողությամբ հանդես եկավ 2002 թվականին Թբիլիսիում կայացած տեղական ընտրություններում՝ ստանալով ձայների 24%-ը և հաղթանակը կիսելով Լեյբորիստական ​​կուսակցության հետ։ Վերջինիս հետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում Միխեիլ Սաակաշվիլին դարձավ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ։

2003 թվականի նոյեմբերի ընտրություններում բլոկը հաղթում էր ձայների 27%-ով՝ այլընտրանքային ձայների հաշվարկի և exit poll-ի արդյունքներով, սակայն պաշտոնական տվյալներն արմատապես տարբեր էին։ Այդ պատճառով բլոկը դարձավ Էդուարդ Շևարդնաձեի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ «Ազատ դեմոկրատներ»-ի (Զուրաբ Ժվանիա) և «Ավանդականներ»-ի (Ակակի Ասաթիանի) հետ միասին։

Բողոքի ցույցերն ավարտվեցին Վարդերի հեղափոխությամբ, որը կրկին բարձրացրեց կուսակցության հեղինակությունը, իսկ նրա առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին 2004 թվականի նախագահական ընտրություններում ընտրվեց Վրաստանի նախագահ՝ հավաքելով ձայների 96%-ը։ 2004 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժում — դեմոկրատներ» դաշինքը դարձավ սահմանադրական մեծամասնություն՝ հավաքելով ձայների 66,2%-ը։ Նույն թվականի գարնանը նախկին գործընկերները՝ պահպանողականներն ու հանրապետականները, դադարեցրին համագործակցությունը Ազգային շարժման հետ, այնուամենայնիվ` «Ազգային շարժում»-ը բոլոր հինգ ընտրատարածքներում հաղթեց 2005 թվականի լրացուցիչ ընտրություններում և 2006 թվականի ՏԻՄ ընտրություններում: ՏԻՄ ընտրություններում կուսակցությունը հավաքեց ձայների մոտ 60%-ը ողջ Վրաստանում և դարձավ բացարձակ մեծամասնություն Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում։

2007 թվականին մի խումբ անդամներ հեռացան կուսակցությունից, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին։ Չնայած դրան, կուսակցությունը հաջողություն ունեցավ 2008 թվականի նախագահական ընտրություններում, նրա թեկնածու Միխեիլ Սաակաշվիլին վերընտրվեց Վրաստանի նախագահ՝ հավաքելով ձայների 53 տոկոսը։ Նույն թվականի խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժում»-ը հավաքեց ձայների 59,18 տոկոսը և կրկին սահմանադրական մեծամասնություն դարձավ խորհրդարանում։

2008 թվականի աշնանը մի խումբ անդամներ լքեցին «Ազգային շարժում» կուսակցությունը։ Մի մասը` Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ, ձևավորեց ժողովրդավարական շարժում՝ «Միացյալ Վրաստան»: Բուրջանաձեն երբեք «Ազգային շարժման» անդամ չի եղել, սակայն 2004 թվականից սերտորեն համագործակցել է այդ կուսակցության հետ։ Իսկ երկրորդ մասը՝ նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, ստեղծեց «Արդար Վրաստանի համար» շարժումը։ 2009 թվականին մեկ այլ քաղաքական առաջնորդ, որը նախկինում կապված էր «Ազգային շարժման» հետ՝ Իրակլի Ալասանիան, ստեղծեց «Մեր Վրաստանը՝ ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

«Ազգային շարժում»-ը հաղթեց 2010 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որտեղ հավաքեց ձայների 74 տոկոսն ամբողջ Վրաստանում, իսկ 52 տոկոսը` Թբիլիսիում։ Կուսակցության թեկնածու Գիգի Ուգուլավան դարձավ Թբիլիսիի առաջին ընտրված քաղաքապետը։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժում»-ը պարտվեց նորաստեղծ «Վրացական երազանք» կուսակցությանը, որը գլխավորում էր Բիձինա Իվանիշվիլին։ «Ազգային շարժում»-ը ստացել էր 150 մանդատից 65-ը և պարտվել ընտրատարածքների մեծ մասում։ Ընտրություններում կրած պարտությունից հետո Իվանե Մերաբիշվիլին կրկին դարձավ կուսակցության գլխավոր քարտուղար։

Կուսակցությունը մասնակցել է նաև 2013 թվականի նախագահական ընտրություններին, որտեղ թեկնածու է առաջադրվել Վրաստանի յոթերորդ գումարման խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն։ Վերջինս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21,72 տոկոսը։ 2015 թվականին կուսակցության առաջնորդ Սաակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից՝ Օդեսայի նահանգապետ նշանակվելու պատճառով։ Կուսակցությունը նոր նախագահ չընտրեց այդ պահին։ 2016 թվականին ՄԱՇ-ը կրկին պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում։

2017 թվականին կուսակցությունը լքեցին խորհրդարանի 19 պատգամավորներ և հիմնադրեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։

2018 թվականին ՄԱՇ-ը «Ուժ միասնության մեջ» կոալիցիայի համահիմնադիրն էր, կոալիցիայի նախագահի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր. նա ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց։

Գրիգոլ Վաշաձեն կուսակցության նախագահ է ընտրվել 2019 թվականի մարտի 24-ին։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, որ լքում է կուսակցությունը։ Որպես հեռանալու պատճառ նա նշել է անհամաձայնությունը։ Դրանից հետո անհրաժեշտ էր ընտրել կուսակցության նոր նախագահ։ Դեկտեմբերի 27-ին կուսակցության նախագահ ընտրվեց կուսակցության քաղխորհրդի նախագահ Նիկա Մելիան։

2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ինքնակառավարման ընտրություններից 1 օր առաջ, կուսակցության հիմնադիր և նախկին նախագահ Միխել Սահակաշվիլին հայտարարեց, որ 8 տարի անց վերադառնում է Վրաստան։ Վերադարձից հետո նա ձերբակալվեց։

2022 թվականի նոյեմբերին Լևան Խաբեիշվիլին և նրա համախոհները հրապարակավ հայտարարեցին, որ անհրաժեշտ է կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնել։ Այն ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան համաձայնեց այս առաջարկին և ընտրություններում պարտվեց։

2023 թվականի հունվարի 28-29-ին անցկացվեցին ներկուսակցական ընտրություններ, այսպես կոչված, բլոկչեյն համակարգով։ Ընտրություններին գրանցվեց 49 հազար 638 մարդ, քվեարկեցին 41 հազար 264-ը։ Հաղթող ճանաչվեց Լևան Խաբեիշվիլին՝ 52,58%-ով (Նիկա Մելիան՝ 40%)։

Կուսակցության նախագահի պաշտոնը լքելուց հետո Մելիան բացեիբաց խոսեց ՄԱՇ-ում ոչ ֆորմալ կառավարման մասին, որին ի պատասխան նորընտիր Ղաբեիշվիլին հայտարարեց. «Ես հրապարակավ ասում եմ, որ այս անձը չի ներկայացնում ՄԱՇ-ը, նա ՄԱՇ անդամ չէ և չի կարող խոսել ՄԱՇ-ի անունից»։

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրություններում կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Թբիլիսիում ստանալով 27,96 տոկոս, իսկ ողջ Վրաստանում՝ 30,67 տոկոս (541,188 ձայն)։ 64 մունիցիպալիտետներից մեկում կուսակցությանը հաջողվել է հաղթել քաղաքապետի ընտրություններում։ Գիա Խարչիլավան ընտրվեց Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ։ Մի քանի մունիցիպալիտետներում (Բաթումի, Ռուսթավի, Քութաիսի և այլն) անցկացված երկրորդ փուլում կուսակցության թեկնածուները նվազագույն թվով պարտություն են կրել։ Կուսակցության նախագահ Նիկա Մելիան ընդդիմության կողմից առաջադրվել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, առաջին փուլում նա ստացել է 163 հազար 489 ձայն (34,01%), իսկ երկրորդ փուլում ստացել է 206 հազար 598 ձայն (44,39%) եւ զբաղեցրել երկրորդ տեղը։

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Վրացական խարտիա»-ն։

Հունիսի 8-ին հայտարարվեց, որ ՄԱՇ-ի արդեն նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլիին փոխարինելու է Թինա Բոկուչավան։

«Ստրատեգիա Աղմաշենեբելի»

Կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսի 5-ին՝ որպես քաղաքացիների քաղաքական միավորում՝ «Նոր Վրաստան» քաղաքացիական հարթակ։ Հիմնադրման իսկ օրից կուսակցության նախագահ են ընտրել Գիորգի Վաշաձեին, ներկա դրությամբ ևս նախագահն է Վաշաձեն։ Կուսակցության ղեկավար մարմինը 12 անդամից բաղկացած քաղաքական խորհուրդն է։ Կուսակցությունն ունի ընտրված գլխավոր քարտուղար, որն ունի գործադիր և կազմակերպչական գործառույթներ։ Այն աջակողմյան կենտրոնական ուղղություն ունի և աջակցում է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։

Կուսակցությունը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Պետությունը ժողովրդի համար» դաշինքով։ Կուսակցությունը մասնակցել է 2017 թվականի ՏԻՄ ընտրություններին։ 2018 թվականի հուլիսին նախագահական ընտրություններին մասնակցելու համար 9 ընդդիմադիր կուսակցությունների հետ հիմնել է «Ուժը միասնության մեջ է» կոալիցիան, որը «Օրենք և իրավունք» կուսակցության հետ միասին լքել է 2020 թվականի հուլիսի վերջին։

2020 թվականի հուլիսի 30-ին կուսակցության երրորդ համագումարի որոշմամբ կուսակցությունը փոխել է անվանումը՝ «Նոր Վրաստանի» փոխարեն դառնալով «Ստրատեգիա Աղմաշենեբելիի»։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Օրենք և իրավունք» կուսակցության հետ միասին ընդհանուր դաշինք է կազմել։

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ստեղծված «Վրացական խարտիան»։

«Եվրոպական Վրաստան»

Որպես կուսակցություն գրանցվել է հանրային ռեգիստրում 1999 թվականի մայիսի 28-ին և նախագահել է Գիգի Ծերեթելիի հայրը՝ Նուգզար Ծերեթելին։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այն անջատվեց «Միացյալ ազգային շարժումից» և խորհրդարանում ստացավ 21 մանդատ։ 2017 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ կուսակցության շնորհանդեսը, որտեղ Գիգի Ուգուլավան նշանակվեց գլխավոր քարտուղար։

2017 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ «Եվրոպական Վրաստանի» հիմնադիր համագումարը, որտեղ կուսակցության շուրջ 500 քվեարկող պատվիրակներ ընտրեցին կուսակցության և քաղխորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին։

2021 թվականի ապրիլի 10-ին Գիգա Բոկերիան ընտրվեց կուսակցության նախագահ։ Կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարն է Գիգի Ծերեթելին, իսկ արտաքին գործերի քարտուղարը՝ Գիորգի Կանդելակին։

2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ստեղծված «Վրացական խարտիան»։

2024 թվականի օգոստոսի 1-ին պարզվեց, որ մեծ թվով անդամներ լքել են «Եվրոպական Վրաստանը»։ Նրանց թվում են նախագահ Գիգա Բոկերիան և կուսակցության առաջնորդներից Թամարա Չերգոլեիշվիլին։ Կուսակցությունում կոնֆլիկտ էր հասունացել ներկուսակցական փրայմերիզներից (նախընտրական ցուցակի կազմման ընթացքում) հետո, որոնք կուսակցությունն անցկացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների համար։

Կուսակցության հիմնադիրների խոսքով, «Եվրոպական Վրաստանը» մարդու իրավունքների վրա հիմնված կուսակցություն է, որը նպատակ ունի բարելավել բնակչության սոցիալական պայմանները, զարգացնել ազատ շուկայական տնտեսությունը և ստեղծել հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար։ Եվրոպական Վրաստանը աջակենտրոն ուղղվածության քաղաքական ուժ է և ներկայացնում է արտաքին քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող միություն, որի առաջնահերթությունը Վրաստանի լիակատար ինտեգրումն է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին։

Հիշեցնենք. առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։