«Ալիք Մեդիա Վրաստան»-ը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է ընտրական սուբյեկտների՝ միավորումների և կուսակցությունների քաղաքական անցյալը, խոստումները, ցուցակները, առաջնորդների մասին տեղեկություններն ու քաղաքական ուժերի գաղափարախոսությունները:
Դրանցից մեկը «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումն է:
Կոալիցիայի կազմում են «Ախալի»-ն («Նոր», հիմնադիրներ՝ Նիկա Մելիա, Նիկա Գվարամիա), «Դրոա»-ն («Ժամանակն է», հիմնադիր՝ Էլենե Խոշտարիա), «Գիրչի»-ն (հիմնադիր՝ Զուրաբ Ջափարիձե) և «Աքտիվիստեբի մոմավլիսթվիս» («Ակտիվիստներ ապագայի համար», հիմնադիր` Օքտայ Կազումով): Նրանց նախընտրական ծրագիրը հասանելի է այստեղ:
«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման նախընտրական համարը 4-ն է:
Նրանց լոգոն ունի այս տեսքը.
Կոալիցիայի լոգոյի վրա միավորված վերոնշյալ կուսակցություններն են և կարգախոսը՝ «Ապագան քոնն է»։
«Կոալիցիա փոփոխությունների համար». նախընտրական խոստումներ
«Մեր նպատակն է իրական, դրական փոփոխություններ կատարել մեր հայրենիքի համար եվրոպական, ապահով և երջանիկ ապագա ստեղծելու նպատակով։
Կոալիցիայի անդամները, առաջնորդները և համախոհները ներկայացնում են հասարակության տարբեր խմբեր և ունեն տարբեր կենսափորձ, բայց մենք բոլորս հավատում ենք ընդհանուր հաջող ապագայի: Մենք միասին կապրենք Եվրամիության անդամ ժողովրդավարական Վրաստանում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա բարձր վարձատրվող աշխատանք, մատչելի ու որակյալ կրթություն և առողջապահություն, երաշխավորված անվտանգություն և խաղաղություն։
Մենք հավատում ենք մի ապագայի, որտեղ առաջնորդները ծառայում են ժողովրդի և երկրի շահերին, և ոչ թե հակառակը՝ երկիրը ծառայում է նրանց:
Որպես պետություն, հոկտեմբերի 26-ին մենք պետք է պատմական որոշում կայացնենք, որը կորոշի Վրաստանի ապագան։ Մարդիկ փոփոխություններ են ուզում, որն այժմ նրանց ձեռքում է, բայց իրական փոփոխությունը երբեք չի ստացվում առանց ջանքերի:
Եթե մենք բոլորս գրանցենք մեր քվեն, ապա մեկընդմիշտ կհայտարարենք, որ Վրաստանը պատկանում է իր ժողովրդին և հստակ ուղերձ կհղենք ողջ աշխարհին, որ մեր ապագան մեր ձեռքերում է»,- գրված է կոալիցիայի պաշտոնական էջում:
Ըստ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» միավորման, երկրի ապագա սերնդի ընտրությունը՝ Եվրոպան, քրիստոնեական քաղաքակրթության օրրան է, բարգավաճման և անվտանգության երաշխավոր: Կոալիցիան ներկայացնում է հիմնական անելիքները,
«Վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ընտրում է`
- փոփոխություն, որը կստեղծի տնտեսական հնարավորություններ, որոնք բոլորի համար հաջողության և երջանկության նախապայման կլինեն,
- փոփոխություն, որը հաջորդ սերնդին հնարավորություն կտա զարգանալու և հաջողության հասնելու իր հայրենիքում,
- Փոփոխություն, որը կվերադարձնի ներգաղթյալներին և կվերամիավորի վրացական ընտանիքներին»։
Կոալիցիան բնակչությանը խոստանում է՝
- ԵՄ անձնագիր Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար. 2030 թվականին Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, և մենք կստանանք երաշխավորված բարեկեցություն, անվտանգություն և խաղաղություն,
- Եվրոպական որակյալ կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն,
- Եվրոպական մակարդակի տնտեսություն, սոցիալական պաշտպանության ծրագրեր, եկամուտ և կենսաթոշակ,
- Եվրոպական տիպի հարուստ և հզոր շրջաններ, որտեղ բոլոր քաղաքապետարանները տնօրինում են իրենց ապագան, եկամուտը, հողը, անտառը և այլ ռեսուրսներ:
Հոկտեմբերի 26-ից Կոալիցիան կկարողանա
- Կատարել նախագահի «Վրացական կանոնադրությունը»՝ ընտրել անկուսակցական վարչապետ, ստեղծել անկախ դատարան,
- Անհապաղ սկսել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները,
- Վերականգնել Եվրոպայի և Ասիայի միջև Վրաստանին կապող միջանցքի պատմամշակութային դերը. Վրաստանը կդառնա տարածաշրջանի ֆինանսատնտեսական հանգույցը,
- Ստորագրել ազատ առևտրի և առանց վիզայի երթևեկության համաձայնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ. վրացական ապրանքներն ազատորեն հասանելի կլինեն ԵՄ և ԱՄՆ շուկաներում,
- Տրամադրել որակյալ կրթություն, պետական ֆինանսավորմամբ կրթություն՝ մանկապարտեզից մինչև համալսարան,
- Կրկնապատկել տնտեսությունը՝ էապես կավելանան ընտանիքների եկամուտները,
- Մեր հայրենիքը դարձնել Եվրամիության անդամ, որտեղ երբեք ռազմական հակամարտություն չի լինի։
Բարեփոխումներ
- Իրավապահ մարմինների, ոստիկանության և անվտանգության ծառայությունների բարեփոխումներ,
- Դատական բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգը պաշտպանում է մեր քաղաքացիների իրավունքներն ու սեփականությունը, ձևավորում է արդարության զգացում, որը ստեղծում է խաղաղություն շրջակա միջավայրի և տնտեսության արագ զարգացման նախադրյալներ,
- Ընտրական համակարգի բարեփոխում՝ քաղաքացիները կունենան իրենց ազատ քաղաքական ընտրությունն առանց ճնշումների կատարելու միջավայր,
- Յուրաքանչյուր երեխա կունենա իր ուսումնական ավանդը՝ մանկապարտեզի տարիքից կստանա տարեկան գումար, որը նախատեսված է ֆինանսավորելու նրա կրթությունը։ Գումարի տնօրինումը հասանելի կլինի միայն կրթական նպատակներով, արդյունքում կրթության ոլորտում կիրականացվի հետևյալը՝
- Դպրոցական սննդի տրամադրում,
- Ուսուցիչների և մանկավարժների աշխատավարձի կրկնապատկում,
- Ուսուցչի մասնագիտությունը կլինի գրավիչ և գնահատված,
- Նոր մանկապարտեզների և դպրոցների հիմնում,
- Կրթության ոլորտում մրցակցության ավելացում,
- Նոր մասնավոր մանկապարտեզների և դպրոցների ստեղծումից հետո լրացուցիչ աշխատատեղեր,
- Մանկապարտեզներ և դպրոցներ եվրոպական մակարդակի ժամանակակից լաբորատորիաների և ենթակառուցվածքի ստեղծում
- Ֆինանսավորվող բարձրագույն կրթություն,
- Նյութական և սոցիալական անբարենպաստություն ունեցող կամ տարածաշրջանում ապրող ոչ մի ուսանող չի մնա առանց կրթության և ուսանողական բնակարանի,
- 2028 թվականից համալսարանական կրթություն ստանալու նպատակով ուսումնարաններն ամբողջությամբ կֆինանսավորվեն
Հարկերի կրճատում և ազատ միջավայր
- Եկամտահարկի նվազեցում մինչև 15%, շահութահարկի նվազեցում մինչև 10%,
- Ազատ առևտուր ԱՄՆ-ի հետ
- 4 տարում տնտեսության կրկնապատկում
- Ներդրումներ գյուղատնտեսական ենթակառուցվածքներում
- Առաջնային և հանրային առողջապահության համակարգի ամրապնդում և այլն:
Հիշեցնենք, որ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը ստորագրել է նաև Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Վրացական խարտիա»-ն:
Կոալիցիայի ցուցակում հետևյալ անձինք են՝
- Նանա Մալաշխիա
- Նիկա Մելիա
- Զուրաբ Գիրչի Ջափարիձե
- Գիգա Լեմոնջավա
- Թենգիզ Թեվզաձե
- Ցոտնե Կոբերիձե
- Գիորգի Կիրթաձե
- Իվանե Ճղոնիա
- Խաթունա Սամնիձե
- Օքտայ Կազումով
- Մայա Կոպալեիշվիլի
- Բորիս Ղուրուա
- Աննա Գոգոլաձե
- Գիորգի Բուտիկաշվիլի
- Գիորգի Իմեդաշվիլի
- Էլենե Խոշտարիա
- Սոֆիա Գոլեթիանի
- Մարիկա Արեվաձե
- Անի Քավթարաձե
- Թորնիկե Բիկաշվիլի
Հատկանշական է, որ առաջին համարը զբաղեցնում է Նանա Մալաշխիան, որը հանրությանը հայտնի է դարձել որպես (ԵՄ) դրոշով կին, նա նաև մարտյան բողոքի ցույցերի խորհրդանիշն է: 47-ամյա Նանան պետական ծառայող է եղել։ Աշխատել է Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայություններից մեկում` որպես առաջատար մասնագետ։
Մարտյան ցույցերից ի վեր Նանա Մալաշխիան և նրա ԵՄ դրոշը հայտնվել են Եվրոպայի և եվրոպացի քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Եվրախորհրդարանի պատգամավորները Նանային անվանում են արիության և դեպի Եվրոպա ձգտման խորհրդանիշ։ Ապրիլի 9-ին Նանա Մալաշխիային Վրաստանի նախագահը պարգևատրել է Պատվո մեդալով։ Նրան շնորհվել է մեդալ «Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարում ամուր և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար»։
Հոկտեմբերի 1-ին Ռուսթավի քաղաքում կայացած համագումարում Մալաշխիան ելույթ է ունեցել` հասարակությանը դիմելով հետևյալ խոսքերով.
«Ես երկար տարիներ եղել եմ պետական ծառայող, իմ և հազարավոր պետական ծառայողների աշխատանքը հիմնականում տեսանելի չէ: Մենք լրատվամիջոցների նոր վերնագրեր չենք ստեղծում, հանգիստ աշխատում ենք՝ ծառայելով այն երկրին, որը շատ ենք սիրում: Երևի դրա համար է, որ կանգնել ենք այստեղ և ղեկավարում ենք կոալիցիան. սա ինձ համար հեշտ որոշում չէր, սակայն ես արեցի հնարավորը և համոզված եմ, որ դա ճիշտ որոշում է տվյալ պահին»։
Նշենք նաև, որ «Հանուն փոփոխությունների կոալիցիա Գվարամիա, Մելիա, Գիրչի, ժամանակն է»-ի առաջնորդ Նիկա Գվարամիան խորհրդարանական ընտրություններում չի լինի կուսակցության ցուցակում։ Սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում նա ասել է, որ մնալու է կոալիցիայի առաջնորդը, ինչպես նաև ղեկավարելու է նախընտրական քարոզարշավը։
«Ես ընտրական [կուսակցական] ցուցակում չեմ լինելու, կարծում եմ, որ պետք է մնամ կուսակցության և կոալիցիայի առաջնորդը և ամեն ինչ անեմ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի փոփոխության և երկրի հետագա զարգացման համար։ Ես մնում եմ քարոզարշավի ղեկավար, մնում եմ կոալիցիայի ղեկավար, մնում եմ «Ախալի» կուսակցության ղեկավար, ինչպես նաև ուզում եմ ճանապարհ հարթել խորհրդարանում նոր մարդկանց համար»,- ասել է Գվարամիան՝ հավելելով, որ այս որոշմամբ նա կատարել է իր խոստումներից մեկը՝ նոր մարդկանց մուտքն իշխանության առաջխաղացման համար, պարզաբանել է Գվարամիան` նշելով, որ նոր մարդիկ նշանակում են ոչ միայն նոր սերունդ, այլև` անձինք, որ նախկինում չեն եղել քաղաքականության մեջ։
Ռուսթավիում կայացած համագումարում նա նույնպես ելույթ է ունեցել և դիմելով ուսանողներին՝ կոչ է արել ոչ մի դեպքում անկիրթ չմնալ, ինչպես նաև նշել է, որ «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումն ամեն ինչ անում է ապագայում ուսումն ավելի կարևորելու համար:
«Ցանկանում եմ դիմել նաև ուսուցիչներին. սիրելիներս, համբերատար և իմաստուն, մեկ վայրկյան անգամ չմտածեք, որ այս երկիրը ձեզ կմոռանա, և բոլոր կառավարությունները ձեզ կօգտագործեն այս խայտառակ կառավարության նման։ Արժանապատիվ կյանք, զարգացում և ինքնակրթության պայմաններ, մեր սաների բարեկեցություն՝ ահա թե ինչ է ձեզ խոստանում մեր կոալիցիան։ Ապագան ձերն է»,- իր ելույթի ընթացքում ասել է Նիկա Գվարամիան։
«Ախալի» (Նոր)՝ այսպես է կոչվում քաղաքական կուսակցությունը, որը ստեղծել են Նիկա Մելիան և Նիկա Գվարամիան 2024 թվականի մարտի 11-ին։ Ինչպես ասել է Ազգային շարժման նախկին նախագահ, այժմ այս կուսակցության հիմնադիր Նիկա Մելիան, կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվել են շուրջ 3 ամիս։ Նրա խոսքով, կուսակցությունը նոր խոսք է լինելու վրացական քաղաքական իրականության մեջ։
2024 թվականի հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը ստորագրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Վրացական խարտիա»-ն։ Կուսակցության գլխավոր կառավարող ուժը լինելու է քաղխորհուրդը։
Միության կազմի մեջ են մտնում Բաթումիի քաղաքային խորհրդի ֆինանսահաշվարկային հանձնաժողովի նախկին ղեկավար Գիորգի Կիրթաձեն, Գիորգի Իմեդաշվիլին և դատարանի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին։:
Կուսակցության ստեղծման ժամանակ իրենց ելույթներում Գվարամիան և Մելիան կարևորել են ապագա փոփոխությունները։
«Մեր կուսակցությունը նոր է, մենք Վրաստանում նոր ձևերով ենք պայքարում. անցյալ չկա, խոսեք միայն ապագայի մասին»,- ասել է Գվարամիան:
Նիկա Մելիան էլ հավելել է, որ իրենց պայքարը, հաղթանակի հանդեպ հավատն ինքնին նորություն են՝ լիարժեք կենտրոնացում դեպի ապագա և ապագայի ձեռքբերումներ:
Հիշեցնենք, որ Մելիան «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահն էր մինչև 2023 թվականի հունվարը:
___________________________________________________________________________
2021 թվականի օգոստոսի 12-ին «Դրոա» (Ժամանակն է) քաղաքական շարժման հիմնադիր Էլենե Խոշտարիան հայտարարեց վերոնշյալ քաղաքական շարժումը քաղաքական կուսակցության վերածելու մասին:
Կուսակցության հիմնադիրն ասում է, որ «Դրոա»-ն ոչ թե մեկ անձի շուրջ համախմբված խումբ է, այլ «գաղափարի շուրջ համախմբված ազատ, սկզբունքային մարդկանց միասնություն»։
«Դրոա»-ի թիմի անդամներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի նախկին դեսպաններ Բաթու Քուտելիան և Դավիթ Սիխարուլիձեն։ Քաղաքական թիմին միացել է խորհրդարանի նախկին պատգամավոր Նինո Գոգուաձեն։
««Դրոա»-ն գաղափարին հավատարիմ ազատ մարդկանց միասնություն է, ոչ մեկի կուսակցությունը չէ, այլ բաց հարթակ մարդկանց համար, որոնք գաղափար ունեն ու ցանկանում են փոխել իրենց շրջապատող իրականությունը, փոխել երկիրն ու իրենց կյանքը դեպի լավը։
Ժամանակն է, որ ազատությունը, կառավարումն ու բարեկեցությունը պատկանեն ժողովրդին։ Ժամանակն է սկսել ստեղծել իրական ժողովրդավարություն մեր պատկերացրածի պես: Ժողովրդավարություն, որում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները հավասարապես պաշտպանված կլինեն։
Մենք ուզում ենք հստակ բացատրել, թե ինչպես կարող ենք լուծել ընդհանուր խնդիրները։ Ժամանակն է համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որոնք թույլ կտան միավորել ժողովրդավարության հիմունքները»,- գրված է կուսակցության պաշտոնական էջում:
Հաջորդ կուսակցությունը «Գիրչի»-ն է, որը 2015 թվականի ամռանը ստեղծել են «Միացյալ ազգային շարժման» չորս պատգամավորներ՝ Պալիկո Կուբլաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Գոգա Խաչիձեն և Գոգի Մելաձեն։
Կուսակցության նպատակն է բարձրացնել անհատի ազատության աստիճանն ապակենտրոնացման, ազատ շուկաների, փոքր կառավարության, ցածր հարկերի և ապակարգավորման միջոցով: Ավանդաբար, աջակողմյան տնտեսական դիրքորոշումների հետ մեկտեղ, կուսակցությունն աջակցում է պարտադիր զորակոչի վերացմանը, ապաքրեականացմանն ու թմրամիջոցների օրինականացմանը։
2020 թվականին կուսակցությունը վերանվանվել է «Գիրչի — ավելի շատ ազատություն», որի նախագահը Զուրաբ Գիրչի Ջափարիձեն է։
«Գիրչի»-ն ընտրել է այլ կուսակցություններից տարբերվող քաղաքական գործունեության ռազմավարություն և ձևեր։ Կուսակցությունը Վրաստանի համար օգտագործեց ոչ ավանդական քաղաքական ակտիվություն։ Նա բողոքում էր թմրանյութերի նկատմամբ խիստ քաղաքականության դեմ՝ հանրային վայրերում կանեփ տնկելով։ Հիմնադրել է եկեղեցի, կողմ է տղամարդկանց պարտադիր զորակոչի կանխմանը: Կուսակցության նշանակալի իրավական հաղթանակը սահմանադրական դատավարություններում շահելն էր, որն ընդունում էր կանեփի/մարիխուանայի օգտագործման սահմանադրականությունը Վրաստանում:
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ին է միացել նաև «Աքտիվիստեբի մոմավլիսթվիս» («Ակտիվիստներ ապագայի համար») կուսակցությունը:
Կուսակցության ներկայացուցիչները Խաթունա Սամնիձեն և Օքտայ Կազումովն են: Ըստ նրանց, ընտրություններից հետո երկրում կլստեղծվեն խաղաղություն, բարեկեցություն, առաջընթաց, մարդակենտրոնություն, երբ հոկտեմբերի 26-ին փոխվի իշխանությունը, և ապահովվի կոալիցիոն կառավարումը։
«Հիմնադրման օրվանից կուսակցության պաշտոնական փաստաթղթում գրված է, որ բազմակուսակցականությունը երկրի գլխավոր առաջնահերթություններից է։ Անցել են տարիներ, և մենք կանգնած ենք այն իրողության առաջ, որ երկիրը պետք է կառավարվի բազմակուսակցական, կոալիցիոն երկխոսության և կոնսենսուսի հիման վրա։ Ես կանգնած եմ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ մենք կարող ենք երկխոսել, քննարկել, վիճել, պայմանավորվել և միասին կառավարել երկիրը, որպեսզի մարդիկ լինեն այս երկրում հիմնական հենակետը»,- ասել է կուսակցության առաջնորդներից Խաթունա Սամնիձեն։
«Ակտիվիստներ ապագայի համար» կուսակցության ներկայացուցիչ Օքտայ Կազումովն էլ ընդգծել է բազմազանության կարևորությունը Վրաստանի համար.
«Հետագայում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ավելի շատ նպաստի վրացական մշակույթի ստեղծմանը, անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից` նա պետք է ձգտի և ստեղծագործի հանուն մեր երկիրը ներկայացնելու այնպիսին, ինչպիսին կա», — ասել է Կազումովը։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։