Ախալքալաքում, DVV International-ի աջակցությամբ, 2006 թվականից գործում է մեծահասակների կենտրոնը, որի հիմնական նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով կրթել ու աջակցել մեծահասակներին աշխատանք գտնելու հարցում։
Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է անձնական և մասնագիտական զարգացման, քաղաքացիական կրթության, ֆինանսական կրթության և մշակութային ուղղությամբ, ինչպես նաև՝ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, որտեղ ներկայացվում են հայկական, վրացական և տարբեր ազգերի մշակույթները։ Մինչ դասընթացների մեկնարկը՝ կենտրոնն ուսումնասիրություն է կատարում բնակչության պահանջարկի վերաբերյալ, և միայն այդ փուլից հետո իրականացվում են թրեյնինգներ ու սեմինարներ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Ախալքալաքի մեծահասակների կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն նշեց, որ կենտրոնի համար կարևոր է, որպեսզի բնակչությունը ոչ ֆորմալ կրթության ոլորտում ստանա կրթություն և դառնա անկախ ու ինտեգրված, նաև՝ կարողանա զարգացնել իր ներուժն ու աշխատանք գտնի։
«Տարբեր կրթության և տարբեր ունակություններ ունեցող մարդիկ մեզ մոտ գրանցվում են տարբեր դասընթացների, որոնցից մեկն էլ հաշվապահական դասընթացն է։ Մասնակիցներից շատերը սկսնակ հաշվապահներ են, որոնք ցանկանում են աշխատանք գտնել և անցնել այս դասընթացը՝ իրենց որակավորումը բարձրացնելու կամ հաշվապահական հմտությունները խորությամբ յուրացնելու համար: Կենտրոնում անցկացվում են նաև կարուձևի, ասեղնագործության, տրիկոտաժի դասընթացներ, որտեղ մեծահասակները սովորում են տարբեր արհեստներ, և դա օգնում է նրանց լինել ինքնազբաղված, ստեղծել սեփական բիզնեսն ու զարգացնել», — ասաց մեծահասակների կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն։
Ախալքալաքի մեծահասակների կենտրոնում Ախալքալաքի տեղական նախաձեռնողական խմբի՝ «LAG»-ի աջակցությամբ, իրականացվել են նաև դասընթացներ մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, որի ընթացքում կանայք հնարավորություն են ստացել գորգագործություն սովորելու։
Անդրադառնալով կենտրոնի ապագա ծրագրերին՝ Շորենա Թեթվաձեն նշեց, որ կենտրոնը նախաձեռնում է իրականացնել դասընթացներ էլեկտրոնային ընտրությունների կայացման վերաբերյալ, որի համար ընդգրկված են 18 ընտրատեղամաս։ Նա նաև նշեց, որ ծրագրում են իրագործել զբոսաշրջության ուղղությամբ նախագծեր․
«Մենք ծրագրում ենք իրագործել զբոսաշրջության ուղղությամբ նախագծեր, քանի որ մեր քաղաքն ու տարածաշրջանը զբոսաշրջային ներուժ ունեցող վայրեր են, և մենք ցանկանում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան այստեղ, և ավելի շատ մարդիկ ծանոթանան մեր անկյունին», — նշեց Շորենա Թեթվաձեն։
«Կենտրոնն ինձ շատ բան է տվել։ Երբ առաջին անգամ եկա, հասկացա, որ սկսել եմ այստեղ աճել։ Դասընթացները, հատկապես լեզվի դասընթացները շատ արդյունավետ են ու ինձ շատ են օգնում հաղորդակցվել այլ մարդկանց հետ։ Կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, որտեղ ներկայացնում ենք մեր մշակույթն ու ավանդույթները, ինչը շատ ոգևորիչ է», — նշեց կենտրոնի սաներից մեկը։
«Կազմակերպվող դասընթացներն ու միջոցառումները շատ բովանդակալից ու հետաքրքիր են։ Կառանձնացնեմ հաշվապահական դասընթացները, որն օգնում է ինձ մասնագիտական զարգացման գործում», — ասաց կենտրոնի մեկ այլ սան։
Նշենք, որ կենտրոնում, բացի մեծահասակներից, ոչ ֆորմալ կրթություն կարող են ստանալ նաև երիտասարդները։