ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունը

Վրաստանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության համազեկուցողներ Կլոդ Կերնը, Էդիտե Էստրելան և պատվիրակության ղեկավար Յուլյան Բուլան, որ կդիտարկեն Վրաստանում ընտրությունները, հայտարարություն են տարածել Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման վերաբերյալ:

Նրանք կոչ են անում պատկան մարմիններին ապահովել ընտրությունների օրինականությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը, (TI) ինչպես նաև մյուս հասարակական կազմակերպությունները կարողանան անխոչընդոտ հետևել ընտրություններին։

«Մենք խորապես մտահոգված ենք այն փաստով, որ TI-ը ստիպված է եղել դադարեցնել ընտրությունների մոնիտորինգի գործունեությունը հակակոռուպցիոն բյուրոյի ողբալի որոշման պատճառով՝ հիշյալ ՀԿ-ին և նրա ղեկավարին «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ» հայտարարելու պատճառով։

Սա կարծես հաստատում է Վեհաժողովում արտահայտված մտահոգությունը, որ ընտրությունների դիտարկման երկար ու մեծ փորձ ունեցող քաղաքացիական հասարակության հեղինակավոր կազմակերպությունները հնարավոր է այլևս չկարողանան դիտորդական առաքելություն իրականացնել ընտրություններում: Սա անընդունելի է և խաթարում է ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթի նկատմամբ հասարակության վստահությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ն էլ հայտարարում է, որ չի կարող որպես կազմակերպություն հետևել ընտրություններին, ուստի կշարունակեն անհատապես աշխատել քաղաքացիների ձայները պաշտպանելու ուղղությամբ։

Հակակոռուպցիոն բյուրոյի սեպտեմբերի 24-ի որոշմամբ TI-ը, նրա տնօրեն Էկա Գիգաուրին, ինչպես նաև «Ընտրիր Եվրոպան» կազմակերպությունը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն և համահիմնադիրները համարվել են ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ: 

Երկու կազմակերպություններին և նրանց ղեկավարներին հանձնարարվել է 5-օրյա ժամկետում բյուրոյին ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև բացել և ներկայացնել ընտրական նպատակներով օգտագործվող բանկային հաշիվների տվյալները։ Որոշմանն արձագանքել են տարբեր հասարակական կազմակերպություններ՝ նշելով, որ Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումն անհիմն է և նպատակ ունի հետապնդել դիտորդական կազմակերպությանը։

Բացի այդ, TI Վրաստանը վարչական հայցով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան և պահանջել չեղյալ համարել Ռաժդեն Կուպրաշվիլիի որոշումը։