Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրան շրջապատողների «ոչ պաշտոնական պատժամիջոցների մասին» մեղադրական նարատիվներին։
«Բիձինա Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են Բերմուդյան կղզիների և Սինգապուրի դատարանների ձեռքում, այլ ոչ թե՝ Ամերիկայի»,- նշել է դեսպանատունը և հարց հնչեցրել. «Ինչո՞ւ է նա վրացիներին այլ լուր ասում»:
Ի դեպ, իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, թեև իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե Իվանիշվիլին դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Օրինակ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 13-ի ասուլիսում հայտարարել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի «երկու միլիարդ դոլարը, որը նա վստահել է Արևմուտքին՝ սառեցվել է», և այդ գումարը «հայտնվել է գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքում», որն Իվանիշվիլիի նկատմամբ արդեն ոչ պաշտոնապես պատժամիջոցներ է կիրառել:
Իշխող թիմում նկատի ունեն շվեյցարական Credit Suisse մասնավոր բանկը, որի հետ Իվանիշվիլին դատական վեճ ունի։ Վրացի միլիարդատերը պնդում է, որ Credit Suisse-ում իր ընտանիքի հաշիվների ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 1,2 միլիարդ դոլար։
Քաղգործիչների ելույթներում կրկին ապատեղեկատվություն է հայտնվել. ԱՄՆ դեսպանատուն