Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 30-ին Բեռլինում ընդունել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Սալոմե Զուրաբիշվիլիի եվրոպամետ դիրքորոշումը և քննադատում Վրաստանի կառավարության քաղաքականությունը Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելու համար։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպման կադրերը հրապարակել է Instagram-ում, իսկ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Facebook-յան էջում հրապարակվել է իր վրացի գործընկերոջ հետ արված լուսանկարը՝ կից հայտարարությամբ։
«Զրույցի ընթացքում Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին իր հստակ եվրոպամետ դիրքորոշման համար, միևնույն ժամանակ, նա իր ափսոսանքն է հայտնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացում ձեռնարկված հետընթաց քայլերի համար: Ըստ Գերմանիայի նախագահի՝ Վրաստանի կառավարությունը սպառնում է պատմական հնարավորությանը»,- ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ։
Գերմանիայի նախագահի էջում հրապարակված տեքստում քննադատվում է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («գործակալների օրենքը») և ասվում է, որ այն խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրմանը։
Ավելի ուշ հանդիպման մասին տեղեկություն է տարածել նաև Վրաստանի նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր գործընկերոջ հետ խոսել է «երկրում ստեղծված նախընտրական միջավայրի մասին, որը ոգեշնչված է Ռուսաստանից, ինչպես նաև վրացական սփյուռքին, որը ընտրություններին մասնակցելու արհեստական խոչընդոտների է բախվում»։
Սեպտեմբերի 29-ին Զուրաբիշվիլին Բեռլինում հանդիպել է վրացական սփյուռքի հետ։