«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կուսակցության թբիլիսյան գրասենյակում կայացած ճեպազրույցում պատասխանել է իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությանը։
«Վրաստանի համար» կուսակցության նախագահը կարծում է, որ տարածքային ամբողջականության վերականգնումը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամենամեծ խնդիրն է, իհարկե՝ խաղաղ ճանապարհով։ Ըստ Գախարիայի՝ «անթույլատրելի է ընտրություններից մի քանի շաբաթ առաջ մութ սենյակում նմանատիպ հարցեր լուծել կուլիսներում՝ տեղեկություն չտրամադրելով Վրաստանի քաղաքացուն»:
Գախարիայի խոսքով, Իվանիշվիլին վախենում է և խուսափում բանավեճերից, հետևաբար կոչ է անում նրան հոկտեմբերի 15-ին Զուգդիդիում նախատեսված հանդիպմանը պատասխանել քաղաքացիների երեք հարցերին.
- Ի՞նչ ձևով և ի՞նչ պայմաններում է Իվանիշվիլին մտածում Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, մինչդեռ ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ էլ օկուպացված Աբխազիայի և Ցխինվալի շրջանի խամաճիկ ռեժիմները չեն փոխել իրենց դիրքորոշումը, այսպես կոչված՝ անկախության ճանաչումը հետ կանչելու և Վրաստանի տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերման հարցում։
- Պետական ո՞ր տիպի կազմակերպման և սահմանադրական ինչպիսի՞ փոփոխությունների համար է ցանկանում սահմանադրական մեծամասնություն։
- Արևմուտքի հետ առճակատման և դրա հետևանքով Վրաստանի մեկուսացման, ինչպես նաև գործող իշխանության դիրքորոշման փոփոխության և սեփական երկրի վրա պատերազմի մեկնարկի մեղավորության պայմաններում չճանաչման քաղաքականությունը վտանգված է. իսկ ինչպե՞ս է Իվանիշվիլին մտադիր պաշտպանել չճանաչման քաղաքականությունը։
Գախարիայի գնահատմամբ՝ Իվանիշվիլին կարող է և բարոյական իրավունք ունի խոսել խաղաղության և երկրի ինտեգրման մասին միայն այդ հարցերին հրապարակայնորեն պատասխանելու պայմաններում։ Հակառակ դեպքում, ըստ Գախարիայի՝ ընտրություններից առաջ ցանկացած խոսակցություն կգնահատվի որպես ստելու հերթական փորձ և որ ամենամեծ վտանգն է՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարը վերջնականապես ոչնչացնելու առումով։
Հիշեցնենք. 2024 թվականի սեպտեմբերի 14-ին Գորիում ունեցած ելույթում Վրաստանի իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններից անմիջապես հետո «պատերազմ հրահրողները երբ պատասխանատվության ենթարկվեն, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման գրեթե բոլոր մեղավորներն ստանան ամենախիստ իրավական գնահատականը, հասարակությունն ուժ կգտնի ներողություն խնդրելու այն բանի համար, որ առաջադրանքի համաձայն՝ դավաճան «Միացյալ ազգային շարժում»-ը 2008 թվականին կրակ է բացել օս քույրերի ու եղբայրների վրա»: Ավելի մանրամասն կարդալ ««Վրացական երազանք»-ն ու Մոսկվան ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ նույն լեզվով են խոսում. կարծիքներ» հոդվածում:
«Մոսկվան Թբիլիսիին Չեչնիայի ճակատագիրն է առաջարկում». կարծիքներ