«Ութսուներկու երեխա ձմեռվա շեմին գնալու է ուրիշ գյուղի դպրոց», — ասում են Ժդանովական (Ժդանովի) գյուղի բնակիչներն ու բողոքում, որ դասապրոցեսը սկսվելուց անմիջապես ինն օր անց է դպրոցը ճանաչվել վթարային։
Սեպտեմբերի 25-ին, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հետազոտությունների արդյունքում, Ժդանովականի հանրային դպրոցը ճանաչվել է վթարային, արգելվել է երեխաների մուտքը և դասապրոցեսի շարունակումն այդ շինությունում։ Սրանից անմիջապես հետո ուսուցչական անձնակազմն ու ծնողները կատարել են ընտրություն, թե հարևան գյուղերի որ դպրոց հաճախեն։ Ընտրությունը պետք է կատարվեր Սամեբա և Եֆրեմովկա գյուղերի միջև, ընտրվել է Սամեբայի հանրային դպրոցը։
«Նախ սկսենք այնտեղից, որ դպրոցում երկրորդ հերթ ենք լինելու, ինչն արդեն խնդիր է հատկապես այն ուսուցիչների համար, որոնք, դպրոցում աշխատելուց բացի, զբաղվում են նաև անասնապահությամբ ու հողագործությամբ։ Սրանից բացի, ամենացրտաշունչ ձմեռը Ջավախքում, կարելի է ասել, մեր գյուղում է։ Ձմռանը շատ դժվար կլինի ամեն օր գնալ ու հասնել Սամեբա, հաստատ խնդիրներ կառաջանան, բայց ուզենք-չուզենք` պետք է գնանք»,- ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը։
Գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց, որ այս պահի դրությամբ երեխաները գտնվում են հոգեպես ծանր վիճակում, քանի որ նրանց համար շատ դժվար է գնալ ուրիշ դպրոց։ Երեխաների հետ մեկտեղ, ծնողներն էլ են անհանգիստ, քանի որ շուտով ձմեռը վրա է հասնելու, և գիտեն, որ ճանապարհները հաճախ նույնիսկ անանցանելի են լինելու ձյան առատ տեղումների պատճառով։
«Մի քանի օր էր` ինչ սկսվել էր դասապրոցեսը, և հայտարարեցին, որ դպրոցը վթարային է, սրան կարելի էր ավելի շուտ ուշադրություն դարձնել. գիտեմ, մի քանի տարի հաստատ գյուղում դպրոց չի լինելու, ինչը խնդիր է բոլորիս համար», — ասաց Ժդանովական գյուղի բնակիչը։
Գյուղի դպրոցի տնօրենը ևս նշեց, որ դժվար է լինելու այլ գյուղի դպրոցի շենք հաճախելը, բայց ստիպված են դիմում այդ քայլին․
«Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշեց, որ մեր դպրոցը վթարային է, և երեխաների այնտեղ գտնվելը վտանգավոր է։ Արդյունքում որոշվեց, որ դասապրոցեսը կշարունակենք Սամեբայի դպրոցում. իհարկե, շատ դժվար կլինի, բայց ստիպված ենք», — ասաց տնօրենը։
Այս պահի դրությամբ դասերն անցկացվում են առցանց, իսկ երկուշաբթի օրվանից դասապրոցեսը կվերսկսվի Սամեբայի հանրային դպրոցում։ Ժդանովականի աշակերտներն ու ուսուցիչները երկրորդ հերթին կհաճախեն դպրոց։
Գյուղի բնակիչների պահանջում են հնարավորինս արագ վերականգնել գյուղի դպրոցը, որպեսզի երեխաները հաճախեն իրենց հարազատ դպրոց։