Բազմակուսակցական համակարգը և Վրաստանի օրինակը

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան լրիվ համամասնական ընտրություններ. խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ կլինի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։ Համամասնական ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտն ավելի բազմազան է, շատ կուսակցություններ են մտնում խորհրդարան, և խորհրդարանը դառնում է բազմակուսակցական, ինչը լավ է, քանի որ մեկ իշխող ուժը հնարավորություն չի ունենում միաձայն օրենքներ ընդունելու՝ առանց ընդդիմության։

Ինչու է գերադասելի բազմակուսակցական համակարգը

Բազմակուսակցական համակարգերն ավելի տարածված են և, բնականաբար, նախագահական համակարգերից առավել` տարածված են խորհրդարանական համակարգերում: Բացի բազմակուսակցական համակարգից, գոյություն ունեն միակուսակցական գերիշխող և երկկուսակցական համակարգեր։ Նշենք, որ համամասնական ընտրությունների արդյունքում հիմնականում ձևավորվում է բազմակուսակցական օրենսդիր մարմին, որտեղ թուլանում է մեկ քաղաքական ուժի ազդեցությունը, և ներկայացված են հասարակության գրեթե բոլոր խմբերի շահերը։ Բազմակուսակցության հասնելու համար, համամասնական ընտրությունների հետ մեկտեղ, կարևոր է ցածր ընտրական շեմը, քանի որ դա ապահովում է հասարակության տարբեր խմբերի համար ընդունելի ուժերի ներկայացվածությունն օրենսդիր մարմնում։ Վրաստանի դեպքում շեմը 5 տոկոսն է, ինչը, ելնելով ստեղծված իրավիճակից, քաղաքական դերակատարներին դրդում է միավորվել:

Ինչպես հասանք լրիվ համամասնական ընտրակարգի

2024 թվականի ընտրությունների արդյունքում կընտրվի 11-րդ գումարման խորհրդարանը։ Վրաստանի խորհրդարանի տարբեր տարիների կազմը ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Վրաստանի անկախացումից հետո անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Վրաստանի 3-րդ և 4-րդ գումարումների խորհրդարաններն ամենաառանձնահատուկն էին իրենց բազմակուսակցական համակարգով։ 3-րդ գումարման խորհրդարանում կար 24 կուսակցություն/քաղաքական միավորում, 4-րդ գումարման խորհրդարանում՝ 12 կուսակցություն/քաղաքական միավորում և 29 անկախ պատգամավոր։ Հիշեցնենք, որ 3-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները կայացել են 1992 թվականի աշնանը։ Ընտրություններին մասնակցել են այն ժամանակ գործող բոլոր քաղաքական ուժերը. այս ընտրություններն անցել են խառը համակարգով և անցկացման ձևով էապես տարբերվում էին մյուս ընտրություններից։ Մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 75 պատգամավոր, իսկ համամասնականով՝ 150 պատգամավոր. ընտրական շեմը 2 տոկոս էր։ Արդյունքում՝ Վրաստանում ձևավորվել էր պատմության մեջ ամենաբազմակուսակցական խորհրդարանը. ընտրություններին մասնակցած 36 քաղաքական սուբյեկտներից անցողիկ շեմը հաղթահարել են 24-ը։

4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են 1995 թվականի նոյեմբերի 5-ին, նույնպես եղել են համամասնական և մեծամասնական ընտրակարգով։ Սակայն, ի տարբերություն 1992-ի, համամասնական ցուցակով անցնելու շեմը բարձրացել է մինչև 5 տոկոս։ Այդուհանդերձ, այս ընտրություններից հետո ոչ մի այլ ընտրությունների արդյունքում այդքան կուսակցություններ չեն մտել խորհրդարան։

Այստեղ հարկ է նշել, որ 1999 թվականի ընտրությունների համար անցողիկ շեմը բարձրացվել է մինչև 7 տոկոս, որը չի փոխվել մինչև 2008 թվականը, իսկ 2008 թվականին անցողիկ շեմը իջեցվել է մինչև 5 տոկոս և ուժի մեջ է մնացել 2012 և 2016 թվականների խորհրդարանական ընտրությունները։ 2020 թվականի ընտրությունների ժամանակ անցողիկ շեմը 1 տոկոս էր։

Վերը քննարկված փաստերը վկայում են, որ հանրության շրջանում միշտ բարձր է համամասնական ընտրություններին անցնելու ցանկությունը, ինչը նշանակում է, որ հասարակությունն ուզում է ունենալ բազմակուսակցական համակարգ։ Դրա մասին է վկայում այն քաղաքական բազմազան լանդշաֆտը, որը հաճախ ստեղծվում էր, երբ իշխանությունը չէր փորձում արհեստականորեն բարդացնել խորհրդարան մտնելու չափանիշները։

Համամասնական ընտրակարգի անցնելու խոստում էին տվել թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունը։ Սակայն, 2017 թվականի սահմանադրության փոփոխության ժամանակ «Վրացական երազանք»-ը գրել էր, որ 2024 թվականից Վրաստանում պետք է վերացվի համամասնական ընտրակարգը։ Նշված քայլը միանշանակ չէր գնահատվել:

Իրադարձությունների արագացումը 2019-ին և հետագա տարիներին պայմանավորված էր զարգացող գործընթացներով։ Մասնավորապես, 2019 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, Վրաստանի խորհրդարանի նախագահի նախագահությամբ, ռուսերենով գլխավորեց Ուղղափառության միջխորհրդարանական գլխավոր ասամբլեայի նիստը, որին հետևեցին ընդդիմության և քաղաքացիների բողոքները։ Բողոքի լայնամասշտաբ ակցիաների միջոցով քաղաքացիները պահանջել են այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի, խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Իրակլի Կոբախիձեի և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը, նաև՝ 2020 թվականին համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում: Հունիսի 20-21-ի բողոքի ցույցերից հետո Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանք»-ը խոստացել էին, որ համամասնական ընտրակարգով ընտրությունները 2024-ի փոխարեն կանցկացնեն 2020 թվականին՝ բնական շեմով:

Սակայն, խորհրդարանում համապատասխան օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իշխող թիմի պատգամավորների մի մասն ասել էր, որ մտափոխվել է խոստումը կատարելու հարցում։ Ընդդիմության կարծիքով` իրականում Բիձինա Իվանիշվիլին է մտափոխվել իր խոստումը կատարելու հարցում և ֆարս է բեմադրել։ 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խառը ընտրակարգով։

2021 թվականի օգոստոսին «Վրացական երազանք»-ի կողմից ապրիլի 19-ի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, թեև իշխող կուսակցությունը խոստացավ իջեցնել շեմը մինչև առնվազն 2 տոկոս: 2021 թվականի սեպտեմբերին խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց խորհրդարանական ընտրությունները 2 տոկոսանոց շեմով անցկացնելու փոփոխությանը։ Այն ժամանակ սահմանադրական փոփոխությանն աջակցել էր նաև ընդդիմությունը, սակայն երկրորդ և երրորդ ընթերցումները չկայացան։

2022 թվականի հուլիսին կայացած հատուկ ճեպազրույցում «Վրացական երազանք»-ի նախագահ և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ 2024 թվականի ընտրությունները 2 տոկոսի շեմով կանցկացվեն այն դեպքում, եթե երկիրը դեկտեմբերին ստանա թեկնածուի կարգավիճակ։ Հատկանշական է, որ 2022 թվականին Վրաստանը ստացել է կարգավիճակի խոստում և 12 հանձնարարական, իսկ 2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովից դրական եզրակացություն, սակայն իշխող կուսակցությունը դեռևս չի պատրաստվում քննարկել անցողիկ շեմի իջեցման հարցը։

«Վրացական երազանք»-ը ցանկանում է վերացնել ընդդիմությանը

Ինչպես երևում է հոդվածում քննարկված իրադարձություններից, մի իրավիճակ է հասունացել, որտեղ կանցկացվեն լրիվ համամասնական ընտրություններ՝ բարձր ընտրական շեմով, և կուսակցություններն այլևս չեն կարողանա միավորվել դաշինքներով։ Նման սահմանափակումները ստվեր են գցում այն ​​դրականի վրա, որը բազմակուսակցական օրենսդիր մարմինը կոչված է բերելու մեզ նման երիտասարդ ժողովրդավարությանը: Չնայած այն հանգամանքին, որ հասարակությունը ցանկանում է ընտրություններն անցկացնել լիովին համամասնական ընտրակարգով ու ցածր շեմով և ստեղծել բազմակուսակցական խորհրդարան, «Վրացական երազանք»-ը ամեն կերպ փորձում է կանխել դա։ Ավելին, նա ընտրություններում հանդես է գալիս ավելի ու ավելի արմատական ​​և հակաժողովրդավարական խոստումներով։ Հենց այս գործընթացի շարունակությունն է ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու իշխող ուժի խոստումը։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 29-ին դիմել է իշխող կուսակցության կողմից հատուկ հանրահավաքին մասնակցելու նպատակով մարզերից Թբիլիսի բերված համախոհներին: Իր ծավալուն ելույթում նա առաջ քաշեց դավադրության տեսությունը, որը ներկայացնում է «գլոբալ պատերազմի կուսակցությունը»՝ որպես Վրաստանի ինքնությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնող ուժ, հայտարարեց «հավաքական ազգային շարժման» դեմ բռնաճնշումների մասին, որը հաջորդելու է 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններում կուսակցության հաղթանակին։ Այս հայտարարությունը դարձավ «Վրացական երազանք»-ի նախընտրական քարոզարշավի մի մասն ու գլխավոր խոստումը։

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ իշխող կուսակցությունը կրկնեց ապրիլին հնչեցրած սպառնալիքը և վերածեց նախընտրական խոստման։ Այսինքն՝ իշխող կուսակցության հիմնական խոստումն է նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» և դրա հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող ընդդիմադիր կուսակցությունների արգելումը։

«Վրացական երազանք»-ը անկախ Վրաստանի պատմության մեջ աննախադեպ մտադրություն ունի. իշխող կուսակցությունը ցանկանում է իշխանության ղեկին մնալ չորրորդ ժամկետով և այն էլ՝ սահմանադրական մեծամասնությամբ։

Այս ցանկությունը հիմնավորվում է նրանով, որ արգելման է արժանի «Հավաքական ազգային շարժումը», «Ազգային շարժումն իր արբանյակներով և իրավահաջորդ կուսակցություններով», ինչը, ըստ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների պարզաբանման՝ վերաբերում է բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, որոնք հնարավորություն ունեն խորհրդարանական ընտրություններում հաղթահարել 5 տոկոսի շեմը:

«Կարծում եմ, որ կուսակցության արգելման տրամաբանական շարունակությունը կլինի մանդատների չեղարկումը։ Չի կարելի, որ մեղավոր քաղաքական ուժի մեղավոր անդամներն օգտվեն այնպիսի կարգավիճակից, ինչպիսին Վրաստանի խորհրդարանի անդամն է։ Սա կլինի տրամաբանական շարունակություն»,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ավելի ուշ մանրամասնել է, որ «հավաքական ազգային շարժում» ասելով նկատի ունի «Միացյալ ազգային շարժմանը» և նրա հետ միասին ընտրություններին մասնակցող այլ խմբերի` «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Ախալի», «Դրոա», «Գիրչի», «Լելո», «Վրաստանի համար»:

Լրագրողի հարցին՝ նման դեպքում խորհրդարանը կլինի միակուսակցական, վարչապետն այսպես է պատասխանել.

«Նման ժամանակ ոչինչ չի լինում։ Մոլդովայի խորհրդարանը գործնականում միակուսակցական է, սակայն բոլորը ողջունում են Մոլդովայի խորհրդարանը։ Նույնը կլինի Վրաստանում։ Նույն ստանդարտը պետք է գործի բոլոր թեկնածու երկրներում…»:

Հատկանշական է նաև, որ 2023 թվականի հունիսի 19-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը չեղարկել է ռուսամետ «Շորի» կուսակցությունը։ Դատավորները պարզել են, որ կուսակցությունը գործել է օրենքի գերակայության սկզբունքների դեմ և սպառնացել է երկրի ինքնիշխանությանը և անկախությանը։ Չնայած այս որոշմանը, կուսակցության գործող պատգամավորների մանդատները չեն չեղարկվել. նրանք շարունակում են աշխատել որպես անկախ պատգամավոր։ Բացի իշխող կուսակցությունից՝ «Գործողություն և համերաշխություն», Մոլդովայի խորհրդարանում ներկայացված են կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքը և անկախ պատգամավորները։

Այստեղ նկատենք, որ Վրաստանի իշխանությունը որպեսզի սահմանադրական մեծամասնություն ստանա և սահմանադրության մեջ փոփոխություններ կատարի, անհրաժեշտ է, որ 150 հոգանոց խորհրդարանում ստանա առնվազն 113 պատգամավորական մանդատ։ «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն է ունեցել 9-րդ գումարման խորհրդարանում (2016-2020 թթ.)։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն իր մտահոգությունն է հայտնել ընդդիմությանն արգելելու «Վրացական երազանք»-ի ծրագրի առնչությամբ։ Միլլերը ևս մեկ անգամ ընդգծել է, որ  «Վրացական երազանք»-ի քայլերն անհամատեղելի են եվրատլանտյան նկրտումների հետ և հակասում են ժողովրդավարական արժեքներին։

«ԱՄՆ-ն կրկին խորապես մտահոգված է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի հակադեմոկրատական ​​հռետորաբանությամբ և գործողություններով։ Ընդդիմությանն արգելելու ծրագրի մասին հայտարարությունները սրա ևս մեկ օրինակ են», — ասել է Միլլերը։

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինը National Journal-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և ասել, որ անհանգստացած է իշխող կուսակցության հայտարարություններից՝ կապված ընդդիմադիր կուսակցությունների արգելման հետ։ Նրա եզրակացության համաձայն՝ իշխող թիմի քայլերը «վկայում են ավտոկրատ ռեժիմի վերածվելու մասին: «Նրանք ուզում են դարձնել բռնապետություն, ոչ թե ժողովրդավարություն»,- ասել է Շահինը։

«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք»-ի անդամ, չեխ եվրապատգամավոր Մարկետա Գրեգորովայի գնահատմամբ՝ ընդդիմության արգելքը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին, և դա կլինի դե ֆակտո պետության ​​գրավում:

Փորձագիտական ​​շրջանակների գնահատմամբ՝ Վրաստանում «գործակալների օրենք»-ի («ռուսական օրենք») վերջնական ընդունումից և քաղաքացիական հասարակության գործունեությունը վտանգի ենթարկելուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այժմ փորձում է լռեցնել ընդդիմությանը։ Փաստորեն, իշխող թիմը ցանկանում է վերջնական բռնապետություն հաստատել Վրաստանում։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի կարծիքով՝ շատ է խոսվել «Վրացական երազանք»-ի պոռթկումների, «քաղաքական դաշտը մաքրելու փորձի», բռնապետություն հաստատելու ցանկության և, ընդհանրապես, «Վրացական երազանք»-ի կողմից բոլոր քաղաքական կուսակցություններից ազատվելու համարձակ գաղափարի մասին։ Ընդհանուր առմամբ, ըստ Մելաշվիլիի, այդ գաղափարն ամոթալի է, չլսված և ծիծաղելի: Նման գաղափարներն ակնհայտորեն դեմ են ժողովրդավարական գործընթացներին։

Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ը նախկինում ուներ սահմանադրական մեծամասնություն և կարող էր նման քայլեր ձեռնարկել, սակայն «Վրացական երազանք»-ի համար կարևոր էր «Միացյալ ազգային շարժման» գոյությունը, քանի որ իշխող թիմն օգտագործում էր «Միացյալ ազգային շարժմանը»՝ քաղաքացիներին վախեցնելու և իշխանությունը պահպանելու համար:

Հիմնական քաղաքական կուսակցությունների թիվը որոշում է այս կամ այն ​​երկրում ստեղծված համակարգը, և ըստ այդմ՝ առանձնանում են երեք տեսակի համակարգեր՝ միակուսակցական, երկկուսակցական և բազմակուսակցական։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր բնորոշ գծերը, և շատ դեպքերում դա վկայում է նաև երկրի քաղաքական ուղղվածության և կառավարման ձևի մասին։

Միակուսակցական համակարգը բնորոշ է ավտորիտար և տոտալիտար ռեժիմներին: Ավտորիտար երկրներում կուսակցությունը գոյություն ունի միայն քաղաքական այլընտրանքները և ժողովրդական կոնսենսուսը ճնշելու համար: Հաճախ որպես իշխող ռեժիմի հիմնական զենք` դա օգտագործվում է պետական ​​իշխանություն հաստատելու և քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար: Տոտալիտար պետություններում կուսակցությունը, զանգվածների վրա ազդելու և անհատապաշտությունը ճնշելու հաշվին, նրանց միավորում է գաղափարական վակուումում: