Նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը։ Չնայած դրան՝ նախագահի աշխատակազմն օրենքի ընդունումը ընտրություններից առաջ համարում է ընտրողների ակնհայտ կաշառք։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Համաներման մասին» օրենքն ակնհայտ ընտրակաշառք է։

Համաներումն ըստ էության մարդասիրական ակտ է, և ընդհանրապես, տեղին է այն տրամադրել ընտրությունների ավարտից հետո կամ ընտրություններից շատ առաջ։ Նախագահը հաշվի է առել այն հանգամանքը, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքները սպասում են համաներման»,- գրել է նախագահի աշխատակազմը։

Սեպտեմբերի 17-ին խորհրդարանն ընդունեց «Համաներման մասին» օրենքը։

Համաներման արդյունքում մոտ 1000 դատապարտյալ անմիջապես կազատվի, մոտ 4 հազար 800-ի պատժաչափը կկրճատվի տարբեր ժամկետներով:

Համաներումը կվերաբերի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործություններին։