«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) վարչական հայց է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի որոշումը։
TI-ը նշել է՝ իրենց ՀԿ-ն և գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին բոլորովին անհիմն և ապօրինի են համարվել «ընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ»:
«Հայցին կից միջնորդությամբ դիմել ենք նաև դատարան, որով խնդրում ենք կասեցնել Հակակոռուպցիոն բյուրոյի կայացրած որոշումը՝ մինչև դատարանի կողմից վեճի վերջնական լուծումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին սեպտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հանրությանը տեղեկացրել է ՀԿ-ների` TI-ի և «Ընտրի՛ Եվրոպա»-ի ղեկավարների նկատմամբ ընդունված որոշման մասին։ Ճեպազրույցում վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից նշանակված Կուպրաշվիլին պարզաբանել է, որ ՀԿ-ները որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ հռչակելու հիմք են հանդիսացել ՀԿ-ների հանդիպումները քաղաքացիների հետ և տեղեկատվական արշավները, որոնց ընթացքում ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են արել կատարել եվրոպական ընտրություն և, ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի, հանդես գալ հակապետական ու զրպարտչական հայտարարություններով։
Երկու կազմակերպություններին և նրանց ղեկավարներին հանձնարարվել է 5-օրյա ժամկետում բյուրոյին ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև բացել և ներկայացնել ընտրական նպատակներով օգտագործվող բանկային հաշիվների տվյալներ։
Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ հերթական ռեպրեսիա քաղհասարակության դե՞մ. կարծիքներ