Սոխումիում և Ցխինվալիում հիասթափված են ՄԱԿ-ում Կոբախիձեի ելույթից

Վրաստանի կողմից չվերհսկվող Աբխազիայից և Հարավային Օսիայից նշում են, որ հիասթափված են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ելույթից։

Հաշվի առնելով 2008 թվականի պատերազմի վերաբերյալ իշխող «Վրացական երազանքի» վերջին սկանդալային հայտարարությունները՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները, փաստորեն, ակնկալում էին «հիմնարար փոփոխություններ» Թբիլիսիի դիրքորոշման մեջ։ Փոխարենը, նրանք ասում են, որ Կոբախիձեն օգտագործել է «առասպելական տերմիններ»՝ շարունակելով խոսել պատերազմի պատճառով բաժանված հասարակությունների միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին:

«Ցավոք, պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը ոչ մի հիմնարար փոփոխություն չի կրել Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կապված», — հայտարարել է Հարավային Օսիայի դե ֆակտո ԱԳՆ-ն՝ հավելելով, որ «գոյություն չունեցող տերմինաբանությամբ և փաստերով գործելը, իրականությունից հեռու հռետորաբանությունը հուշում է, որ անցյալը թույլ չի տալիս Վրաստանին և վրացի քաղաքական գործիչներին հեռանալ»:

Միևնույն ժամանակ, Աբխազիայում կարծում են, որ այս մոտեցմամբ անհնար կլինի հասնել «անցյալի հաղթահարման դրական արդյունքների»։

«Հերթական անգամ մենք լսեցինք Վրաստանի ղեկավարության հռետորաբանությունը, որը կրկին ու կրկին կրկնվում էր նույն առասպելական տերմիններով։ Եթե ​​Վրաստանի ղեկավարությունը շարունակի նույն ոգով, ապա մենք դրական արդյունքների չենք հասնի անցյալի հաղթահարման հարցում», — ասվում է Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Մի քանի շաբաթ առաջ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի այն բանի համար, որ նախորդ իշխանությունները՝ դրսից ստացած հրահանգով «օս քույրերին ու եղբայրներին պարուրել են կրակի բոցերի մեջ»։

Այս ելույթը Վրաստանում վրդովմունք առաջացրեց։ Թբիլիսիում և մի շարք այլ քաղաքներում բողոքի փոքրաթիվ ցույցեր տեղի ունեցան։ Ընդդիմությունը հայտարարությունն անվանել է դավաճանություն։ Իվանիշվիլիին մեղադրել են Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ։

Շուտով Հվ․Օսիայից հայտարարեցին, որ իրենք ակնկալում են, որ Թբիլիսին քայլեր կձեռնարկի՝ հաստատելու իր մտադրությունների անկեղծությունը։ Աբխազիայում ևս հույս են հայտնել, որ Իվանիշվիլին «ճիշտ խոսքեր կգտնի Աբխազիայի ժողովրդի վերաբերյալ»։