Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ դիմել է Վրաստանի օկուպացված տարածքների քաղաքացիներին՝ խոսելով «խաղաղության», «հպարտության և արժանապատվության վերադարձի», Ուկրաինայի ինքնիշխանությանը միաձայն աջակցության մասին:
Այս անգամ Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից վարչապետ Կոբախիձեն չի հիշատակել Վրաստանին «պատերազմի մեջ ներքաշելու» փորձերը և «Գլոբալ պատերազմի կուսակցության» մասին դավադրության տեսությունները։
«Օկուպացիոն գծի այս կողմում (նկատի ունի Վրաստանից վերահսկվող տարածքում-հեղ.) մենք ձեզ միշտ գրկաբաց կընդունենք։ Մենք պետք է վերականգնենք մեր երկրի բոլոր կոտրված կամուրջները»,- այսպես է վարչապետը դիմել Վարաստանից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանում բնակվողներին։
Նա խոսել է օկուպացիայի մասին, բայց ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանի Դաշնությունը՝ ոչ Վրաստանի, ոչ էլ Ուկրաինայի համատեքստում։
«Մեր կառավարության համոզմամբ՝ Վրաստանը, բնականաբար, արժանի է լինել խաղաղ, կայուն և զարգացած երկիր»,- ելույթի նախաբանում ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ Վրաստանը վերականգնում է իր «հպարտությունն ու արժանապատվությունը»։
Նրա խոսքով, վերջին տասնամյակում իր քաղաքական թիմը՝ «Վրացական երազանք»-ը, ապահովել է «Վրաստանի զարգացումն այս հետագծով»։
Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը լավատես է և կարծում է, որ «Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականանա մինչև 2030 թվականը»։