Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ հերթական ռեպրեսիա քաղհասարակության դե՞մ. կարծիքներ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Հակակոռուպցիոն բյուրոյի և դատական համակարգի օգնությամբ, փորձում է ռեպրեսիվ մեթոդներով ազդել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՀԿ) վրա, որոնք իրենց բնույթով եվրոպամետ են: Իշխող թիմը նախընտրական շրջանում ձգտում է լռեցնել այն բոլոր ձայները, որոնք փորձում են և/կամ կփորձեն եվրոպական արժեքներից խոսել և ընտրողներին ծանոթացնել այդ արժեքներին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի որոշմանը, ըստ որի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի և «Ընտրի՛ր Եվրոպա»-ի տնօրենները հայտարարված են որպես «ընտրական նպատակներ հետապնդող անձինք»՝ ասացին վրացի փորձագետները:

Ըստ փորձագիտական շրջանակների՝ Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը միայն ՀԿ-ներին չի սպառնում, նաև սպառնում է բոլոր այն մարդկանց, որոնք կփորձեն իշխող թիմի դեմ խոսել:

«Ընտրի՛ր Եվրոպա» շարժման համահիմնադիր Լելա Ջեջելավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Հակակոռուպցիոն բյուրոն փորձում է ռեպրեսիվ մեթոդներ կիրառել, օրենքը սխալ ներկայացնելով` նրան օգնում է դատարանը: Ըստ Ջեջելավայի՝ դատարանը ցանկացած տեսակի ազատ մտքի հայտարարություն դիտարկում է որպես «ընտրական նպատակներ հետապնդող հայտարարություն» և դրանով իսկ վտանգի տակ է դնում ինչպես ՀԿ-ներին, այնպես էլ այն քաղաքացիներին, որոնք կարող են նաև չլինել իշխող թիմի աջակից:

«Դատարանի այս արարքը հակասահմանադրական քայլ է: Այս միջոցը ռեպրեսիաների համար կիրառվող լծակ է, որով փորձում են դադարեցնել քաղաքացիական ակտիվությունը»,- ասաց Ջեջելավան և հավելեց՝ «Ընտրի՛ր Եվրոպա» շարժումը կշարունակի այդ որոշման դեմ դատական գործը, քանի որ դատարանը, սխալ մեկնաբանելով օրենքը, դառնում է Հակակոռուպցիոն բյուրոյի հենարանը:

«Արդար ընտրություններ» և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ների կարծիքով, Հակակոռուպցիոն բյուրոյի նման գործելաոճը կարող է գործիք ծառայել քաղաքացիական շարժումների գործունեությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ ՀԿ-ները նշել են՝ Հակակոռուպցիոն բյուրոն օրենքը մեկնաբանում է անհիմն լայն շրջանակում և մեծացնում պետական ​​գերատեսչության կողմից մանդատի կամայական օգտագործման վտանգը։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին զուգահեռներ է անցկացնում 2012-ի թվականին՝ նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած և այսօրվա իրականության միջև: Ըստ նրա՝ 2012-ի վերջին իսկևիսկ նման իրավիճակ էր, երբ Նաթիա Մոգելաձեն աուդիտի ծառայության ղեկավարն էր և ճիշտ նույն գործելաոճն ուներ, ինչ այսօր՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին.

«Ժամանակն անցնում է, բայց «քաղաքական» պայքարի մեթոդները, ըստ էության` ավտորիտարիզմի պահպանման, մնում են նույնը։ Սակայն նախորդները կորցրին իշխանությունը հենց այսպիսի ավտորիտար սխալների պատճառով. կարծես` պետք էր խելք հավաքել, բայց ավաղ, չեն հավաքում: Հենց դրա համար էլ անհրաժեշտ են Եվրոպան և եվրոպական զարգացումը, որպեսզի քաղաքականությունը նմանվի քաղաքականության, իսկ ավտորիտարիզմը պահպանելու փորձը հաջողություն չունենա»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ — Վրաստան» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը կառավարության պատասխանն է քարոզարշավին, որի հիմնական նպատակն է համոզել քաղաքացիներին քվեարկել Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Ըստ նրա՝ իրենց ՀԿ-ն գործում է սահմանադրությանը համապատասխան։

Ըստ սահմնանադրագետ Վախուշտի Մենաբդեի՝ Վրաստանի օրենսդորւթյան համաձայն, «ընտրական նպատակներ հետապնդող անձինք» են համարվում նրանք, ովքեր.

  1. ցանկանում են իշխանության հասնել ընտրությունների միջոցով,
  2. հրապարակայնորեն հայտարարում են դրա մասին,
  3. նպաստում են դրա օգտին հասարակական կարծիքի ձևավորմանը:

Նրա խոսքով, օրենքը ցանկանում է կանոնակարգել բոլոր նրանց, ովքեր ձգտում են ընտրությունների միջոցով իշխանության հասնել։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը գրանցված չէ որպես կուսակցություն և ունի կուսակցական նպատակներ՝ այս օրենքը թույլ չի տա խուսափել սահմանափակումներից և թափանցիկության պահանջներից։

Նրա դիտարկմամբ՝ Հակակոռուպցիոն բյուրոն այժմ ասում է, որ «ընտրական նպատակներ հետապնդող անձ», այսինքն՝ իշխանության հասնելու ցանկություն ունեցող մարդ լինելը միայն այն դեպքում չէ, երբ փորձում ես հասարակական կարծիքը քո օգտին ձևավորել, այլ նաև այն դեպքում, երբ ինչ-որ քաղաքական ուժի դեմ հրապարակային հայտարարություն ես անում:

«Բյուրոյի կողմից նորմի նման մեկնաբանումը հակասում է օրենքի մեկնաբանման բոլոր կանոններին։ Սա նշանակում է, որ ցանկացած մարդ, որ հրապարակավ ասում է` «մի՛ քվեարկեք քոցերի («Վրացական երազանք»-ին — հեղ.) օգտին», ձեռք է բերում ընտրական նպատակներ հետապնդող անձի, այսինքն՝ չգրանցված կուսակցության կարգավիճակ»,- գրել է Մենաբդեն:

Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմանն արձագանքել է «Իմ ձայնը Եվրամիությանը» կոալիցիան՝ բյուրոյի որոշումը գնահատելով որպես գրաքննություն պարտադրելու փորձ։

Հիշեցնենք. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին սեպտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հանրությանը տեղեկացրել է ՀԿ-ների ղեկավարների նկատմամբ ընդունված որոշման մասին։ Ճեպազրույցում վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից նշանակված Կուպրաշվիլին պարզաբանել է, որ ՀԿ-ները որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ հռչակելու հիմք են հանդիսացել ՀԿ-ների հանդիպումները քաղաքացիների հետ և տեղեկատվական արշավները, որոնց ընթացքում ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են արել կատարել եվրոպական ընտրություն և, ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի, հանդես գալ հակապետական ​​ու զրպարտչական հայտարարություններով։