Վրաստանյան հասարակական կազմակերպություններն (ՀԿ) անօրինական են համարում Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի որոշումը, ըստ որի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի և «Ընտրի՛ր Եվրոպա»-ի տնօրենները հայտարարված են որպես «ընտրական նպատակներ հետապնդող անձինք»։ ՀԿ-ները կարծում են՝ նման գործելաոճը կարող է գործիք ծառայել քաղաքացիական շարժումների գործունեությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։
«Արդար ընտրություններ» և «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ նշված է, որ Հակակոռուպցիոն բյուրոն օրենքը մեկնաբանում է անհիմն լայն շրջանակում և մեծացնում պետական գերատեսչության կողմից մանդատի կամայական օգտագործման վտանգը։
Կազմակերպություններն ընդգծել են, որ «Հակակոռուպցիոն բյուրոյի մանդատը քաղաքացիների քաղաքական միավորումների (քաղաքական կուսակցությունների), ընտրական սուբյեկտների և հայտարարված ընտրական նպատակներ ունեցող անձանց ֆինանսական գործունեության մշտադիտարկումն է և այս ոլորտին առնչվող այլ լիազորությունների իրականացումը: Վրաստանի «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքով, որոշակի սահմանափակումներ կիրառվում են այն անձի նկատմամբ, որը հայտարարել է ընտրական նպատակների մասին և օգտագործում է համապատասխան ֆինանսական ու նյութական այլ ռեսուրսներ այդ նպատակներին հասնելու համար։
Ելնելով այն հանգամանքից, որ ոչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տնօրեն Էկա Գիգաուրին, ոչ էլ «Ընտրի՛ր Եվրոպա»-ի Խաթունա Լագազիձեն մինչ օրս չեն արտահայտել իրենց ցանկությունն իշխանության հասնելու մասին՝ մասնակցելով ընտրություններին։ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն և «Արդար ընտրություններ»-ը կարծում են, որ նրանք չեն համապատասխանում «ընտրական նպատակ հետապնդող սուբյեկտ» կանոնադրական սահմանմանը։
ՀԿ-ները Հակակոռուպցիոն բյուրոյին կոչ են արել չեղարկել որոշումը և գործել միայն իր մանդատի շրջանակներում։
Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմանն արձագանքել է «Իմ ձայնը Եվրամիությանը» կոալիցիան՝ բյուրոյի որոշումը գնահատելով որպես գրաքննություն պարտադրելու փորձ։
Հիշեցնենք. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին սեպտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցում հանրությանը տեղեկացրել է ՀԿ-ների ղեկավարների նկատմամբ ընդունված որոշման մասին։ Ճեպազրույցում վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից նշանակված Կուպրաշվիլին պարզաբանել է, որ ՀԿ-ները որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ հռչակելու հիմք են հանդիսացել ՀԿ-ների հանդիպումները քաղաքացիների հետ և տեղեկատվական արշավները, որոնց ընթացքում ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում կատարել եվրոպական ընտրություն և, ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի, հանդես գալ հակապետական ու զրպարտչական հայտարարություններով։