Շփման գծում Վրաստանի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Հարավային Օսիայի Արցևի գյուղի շրջակայքում սեպտեմբերի 24-ին ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ անօրինական ձերբակալման մասին տեղեկությունը ստանալուն պես ակտիվացվել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Ակտիվացված են բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԱԾ-ի պնդմամբ՝ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։

Նշենք, որ Արցևի գյուղը 2008 թվականից օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Շփման գոտում վերջին միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, երբ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Զեմո Արցևի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել էին Վրաստանի քաղաքացու։ Ներկայումս Հարավային Օսիայի (Ցխինվալի) բանտում և մեկուսարանում է գտնվում Վրաստանի 12 քաղաքացի։