Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) Վրաստանում 2019-ի հունիսի 20-ի հայտնի «Գավրիլովի գիշեր»-վա իրադարձությունների գործերը փոխանցել է Մեծ պալատի քննարկմանը: Այս տեղեկությունը տարածել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA):
GYLA-ն նշել է, որ բացառիկ դեպքերում են գործերը փոխանցվում Եվրոպական դատարանի Մեծ պալատին։ Կոնվենցիայի համաձայն՝ գործը պետք է լուրջ խնդիր առաջացնի Եվրոպական կոնվենցիայի կամ նրա Արձանագրությունների մեկնաբանման կամ կիրառման կամ ընդհանուր նշանակության այլ կարևոր հարցերի առումով։
«2024 թվականի մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետությունը ճանաչեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտող՝ հիմք ընդունելով 2019 թվականի հունիսի 20-21-ը տեղի ունեցած հակաօկուպացիոն ակցիայի ժամանակ տուժած քաղաքացիների բողոքները (26 անձի գործ)»,- ընդգծել է GYLA-ն:
Նշենք, որ GYLA-ն, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի հետ միասին, Ստրասբուրգի դատարանում պաշտպանում է 22 անձանց շահերը։ Նրանց թվում են խաղաղ հավաքների իրավունքից օգտվող 10 անհատներ, լրատվամիջոցների 11 ներկայացուցիչներ և պատահաբար իրադարձությունների կիզակետում հայտնված 1 մարդ։
«Գավրիլովի գիշերից» երկու տարի անց. ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 20-ին