Հակակոռուպցիոն բյուրոյի գնահատմամբ` «Transparency International-Վրաստան»-ը և նրա տնօրեն Էկա Գիգաուրին ընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ են։
Բյուրոյի ղեկավար Ռազդեն Կուպրաշվիլիի խոսքով, մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Գիգաուրին և՛ անձամբ, և՛ կազմակերպության անունից ներգրավված է նախընտրական արշավում։
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի խոսքով՝ նույնը վերաբերում է «Ընտրիր Եվրոպան» կազմակերպությանն ու նրա համահիմնադիրներին։ Հայտարարության համաձայն, «բյուրոն բացահայտել է, որ նրանք հանդիպումներ են անցկացրել մարզերում, տարածել տեսահոլովակներ, որոնց համար ծախսվել է ավելի քան 100 հազար լարի»։
Հատկանշական է, որ «Transparency International-Վրաստան»-ը երկրում գործում է 2000 թվականի մայիսի 7-ից` որպես տեղական հասարակական կազմակերպություն, որը պարտավոր է պայքարել Վրաստանում կոռուպցիայի դեմ՝ թափանցիկության և հաշվետվողականության խթանման միջոցով:
Իսկ ահա «Ընտրիր Եվրոպան» հասարակական կազմակերպություն է, որը նախընտրական շրջանում զբաղվում է տեղեկատվության տարածմամբ և դիտորդական գործունեությամբ։