Վրաստանի 12-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականին հրապարակում չի հայտարարվել։
«Այս տարի 12-րդ դասարանում մշակվել են միայն օժանդակ ռեսուրսներ բոլոր այն առարկաներից, որոնք, ըստ գործող ազգային ուսումնական պլանի, ավելացվել են նշված դասարանի ծրագրին՝ կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, Վրաստանի պատմություն: Այսօր դպրոցներում կա հին հրատարակության համաշխարհային պատմության գիրք, որը ներառում է Վրաստանի պատմությունը։ Դրանից բացի, ուսուցիչների համար որպես ուղեցույց ստեղծվել է լրացուցիչ ռեսուրս, որը շարունակ թարմացվելու է»,- գրել է ԿԳԵՆ-ը։
Սեպտեմբերի 20-ին մանկավարժ և Իլիայի պետական համալսարանի գիտաշխատող Գիորգի Ջավախիշվիլին «Բաթումելի» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել էր խնդրին` ասելով, որ ԿԳԵՆ-ը դադարեցրել է 12-րդ դասարանի պատմության դասագրքի մշակման գործընթացը և գաղտնի սկսել է աշխատել պատմության վերջին օրինակի վրա, որը պետք է խմբագրի «Վրացական երազանք»-ի պատգամավոր և «գործակալների օրենք»-ի աջակից Գիորգի Սոսիաշվիլին:
Օժանդակ ռեսուրսի ստեղծման վրա աշխատել է պրոֆեսոր Դիմիտրի Շվելիձեն, ինչը սեպտեմբերի 22-ին հաստատել է ինքը` Շվելիձեն, Facebook-ում հրապարակված գրառմամբ։ Շվելիձեն գրել է, որ 12-րդ դասարանի ուսումնական ռեսուրսի վրա սկսել է աշխատել այս տարվա հունիս-հուլիս ամիսներին՝ նախարարության պատվերով։
«Ինչպես մեզ բացատրեցին կրթության նախարարությունում, պետք է պատրաստվեր Վրաստանի պատմության 12-րդ դասարանի ժամանակավոր դասագիրք կամ, ինչպես իրենք էին անվանում, «ուսումնական ռեսուրս»։ Մինչ այժմ ես պատրաստել եմ «ռեսուրսի» առաջին մասի տեքստը՝ «Վրաստանի դեմոկրատական հանրապետություն», որը, ըստ նախարարության ներկայացուցիչների, պետք է դասավանդվի այս տարի՝ առաջին կիսամյակում»,- գրել է Շվելիձեն։
Ջավախիշվիլին կասկածում է, որ ռեսուրսը ստեղծվել է առանց մրցույթի, և ոչ հեղինակները, ոչ հրատարակիչները տեղեկացված չեն եղել գործընթացի մասին։ Նրա խոսքով` այն հանգամանքը, որ ուղեցույցի խմբագիրը պետք է լինի քաղաքական կողմնակալ անձնավորություն` «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիորգի Սոսիաշվիլին, բազմաթիվ հարցականներ է առաջացրել։ ԿԳԵՆ-ն այս կարծիքն «անհիմն» է որակել։
Ի դեպ, նախարարությունը 2024 թվականի ապրիլի 22-ին հաստատել է ազգային նոր նպատակները։ Գերատեսչության տվյալներով՝ դրա հիման վրա սկսվել է նոր առարկայական չափորոշիչի վերամշակումը, և «բոլոր առարկաների դասագրքերի թարմացումը կսկսվի ազգային նոր պլանի հաստատումից անմիջապես հետո»:
Ապրիլից անցել է գրեթե վեց ամիս։ Նոր ուսումնական տարին մեկնարկել է, և նախարարությունը սեպտեմբերի վերջին ասում է, որ դեռ չի հաստատել ազգային նոր ուսումնական ծրագիրը։
Ըստ այդմ՝ դպրոցում նույնպես նոր դասագրքեր չեն ներդրվել, մինչդեռ նախարարությունը դպրոցներին օգոստոսին տեղեկացրել էր, որ 12-րդ դասարանում կավելացվի ուսումնական ցանցը, և ուսումնառության համար կավելացվի 5 առարկա։