Սեպտեմբերի 20-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նոր հրաման է արձակել, որով «գործակալների ռեեստր»-ում փոփոխություն է կատարվել ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգում։ Հրամանն արդեն ուժի մեջ է մտել, սակայն օրենսդրական տեղեկագրում փոփոխությունն արտացոլելու գործընթացը շարունակվում է։
««Օտարերկրյա ուժերի շահերը կրող կազմակերպությունների ռեեստր»-ի («գործակալների ռեեստր»-հեղ.) կազմման, ֆինանսական հայտարարագրի ներկայացման և մոնիտորինգի կանոնը հաստատելու մասին» կարգի փոփոխությունը կատարվել է 51-րդ օրը, երբ կազմակերպությունների համար արդեն սպառվել էր սեփական ցանկությամբ «գործակալների ռեեստր»-ում գրանցման հայտերի դիմելու հնարավորությունը։
Նոր փոփոխությամբ արդարադատության նախարարը լրատվամիջոցներից և հասարակական կազմակերպություններից այլևս չի պահանջում աշխատողների անձնական համարները, թեև՝ դեռ հետաքրքրված է բանկային տվյալներով և նրանցից փոխանցված աշխատավարձերով։
Նշենք, որ Վրաստանի նախագահը, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները և Սահմանադրական դատարան դիմած հասարակական ու լրատվամիջոցները գտնում են, որ իշխող «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը խախտում է Սահմանադրությունը, հակասում է եվրաինտեգրման հայտարարված կուրսին և էապես խախտում քաղաքացիների անձնական տարածքը:
Սահմանադրական դատարանն այս գործով արդեն կարգավորող նիստ է անցկացրել։ Վիճահարույց հարցերից մեկը վերաբերում էր աշխատակիցների անձնական տվյալների բացահայտմանը, որոնց մի մասը նախարարի նոր հրամանով կազմակերպություններն այլևս պարտավոր չեն ներկայացնել։ Այնուամենայնիվ, սա դատավարության միայն մի մասն է:
Բողոքի հեղինակներն ու քաղաքացիները 20 օրից ավելի սպասում են դատարանի որոշմանը. դատարանը պետք է որոշի՝ մինչև հարցի քննարկման ավարտը կասեցնել օրենքի կիրարկումը, թե ոչ։