2024 թվականի մայիսի 29-ին «գործակալների օրենք»-ի վրա նախագահի վետոն հաղթահարելուց հետո Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում։ Փաստացի՝ օրենքի փոփոխությունից հետո պետական աշխատողների ունեցվածքի հայտարարագրերն այլևս անհապաղ չեն հրապարակվի:
Քվեարկությանը մասնակցել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության 71 պատգամավոր, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» շարժման 9 անդամներ և «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության մեկ ներկայացուցիչ։
Մինչ օրենքում հիշյալ փոփոխություններ կատարելը, նախագահի, վարչապետի, նախարարների, դատավորների և պետական այլ պաշտոնյաների հայտարարագրերը լրացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, հրապարակվում էին Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում: Խորհրդարանը փոխեց օրենքը՝ հնարավորություն տալով, որ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները լրացվելուց անգամ 60 օր էլ չհրապարակվեն։
Փոփոխությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները հայտարարագիրը լրացնելուց հետո մեկամսյա ժամկետում կտեղեկացնեն քաղծառայողին սխալի մասին և մեկ ամիս ժամանակ կտան տվյալները փոխելու համար։ Օրենքը բյուրոյի աշխատակցին հնարավորություն է տալիս 30-րդ օրը քաղծառայողին տեղյակ պահել դիտողությունների մասին, իսկ պաշտոնյան մեկ ամիս ժամանակ կունենա այդ թերությունները շտկելու համար։
Բացի այդ, խորհրդարանն օրենքում գրել է, որ թերությունը հայտնաբերելու և շտկելու ընթացքում, որը կարող է տևել նույնիսկ երկու ամիս, «չի թույլատրվում հայտարարությունը հրապարակել կամ դրանում արտացոլված տեղեկատվությունը որպես հրապարակային տեղեկատվություն տալ»։
Ուշագրավ է, որ Հակակոռուպցիոն բյուրոյի կայքը, որը հրապարակում է պետական պաշտոնյաների հայտարարագրերը, կարևոր ռեսուրս է լրագրողների համար։ Այնտեղ հրապարակվում են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների եկամուտները։ Օրինակ՝ այս կայքում հրապարակված փաստաթղթից հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հայրը 180 հազար լարի է նվիրել։
2024 թվականի սեպտեմբերի 7-ից հետո Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում նոր հայտարարագիր չի հրապարակվել։ Կայք մտնելիս հայտնվում է մակագրություն՝ օգտատիրոջը տեղեկացնելով, որ սեպտեմբերի 9-ից փոխվել է հայտարարագրի ներկայացման և հրապարակման կարգը։