Կանաց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը. վերլուծություն

Վրաստանում տարիներ շարունակ մեծ խնդիր է տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև էական տարբերությունը:

Կանանց միջին աշխատավարձը 36,2%-ով ցածր է տղամարդկանց աշխատավարձից, ինչը տագնապալի է: Սա այն ֆոնին, երբ ըստ Վրաստանի աշխատանքային օրենսգրքի, գործատուն պարտավոր է նույն աշխատանքի դիմաց հավասար վարձատրել կանանց և տղամարդկանց։

Վրաստանում տարբեր ոլորտներում զբաղված տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմում է 2343,2 լարի (մոտ 853 դոլար, իսկ կանանցը՝ 1540 լարի (561 դոլար)։ Նշենք նաև, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց աշխատավարձերի չափերը վերջին տասը տարիների ընթացքում աճել են, թեև դրանց հավասարեցումը մինչ օրս չի իրականացվել։

Հատկանշական է, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի չափերի տարբերությունն առավել նկատելի է ֆինանսական և ապահովագրական ոլորտում, մեծ տարբերություն է նկատվում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ևս:

Գենդերային վարձատրության տարբերության վերաբերյալ բացատրություններից մեկը
մարդկային կապիտալն է: Սա նշանակում է, որ կանայք ավելի քիչ փորձ ունեն, քան տղամարդիկ, քանի որ կանայք ունենում են կարիերային ընդմիջումներ՝ կապված երեխաների խնամքի հետ, ասվում է «Գենդերային աշխատավարձերի տարբերություն և անհավասարություն Վրաստանի աշխատանքային շուկայում» կազմակերպության հետազոտության մեջ:

Սա նշանակում է, որ աշխատող կինը կարող է աշխատող տղամարդուց տարբերվել
կրթությամբ, աշխատանքային ստաժով, աշխատանքի արդյունավետության մակարդակով, գործունեությամբ և այլ գործոններով:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը այս թեմայի շուրջ զրուցել է «Վրաստանի իրավունքներ»-ի փաստաբան Աննա Թվարաձեի հետ:

Թվարաձեն նույնպես հաստատում է, որ այս հարցը տարիներ շարունակ մնում է ակտուալ:

Ըստ իրավաբանի, Վրաստանը «Միևնույն աշխատանքի համար միանման վարձատրություն» համաձայնագրի անդամ է 1993 թվականից, չնայած դրան՝ մինչև օրս կան չպարզաբանված խնդիրներ:

«Ասել, որ տարիների ընթացքում այս խնդրի վերաբերյալ աշխատանքներ չեն տարվել՝ սխալ կլինի: Սակայն եթե ուսումնասիրենք վերջերս հրապարակված տվյալները, կտեսնենք կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև զգալի տարբերությունը, ինչը անցյալ տարիների հետ համեմատած՝ ավելի վատ վիճակում է: Այս թեման լավ ուսումնասիրելով կարող եմ ասել, որ հիմնական և ամենամեծ խնդիրը գալիս է ընդհանուր առմամբ երկրում գործազրկության բարձր մակարդակից»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փաստում է Թվարաձեն:

Իրավաբանի համոզմամբ, երբ երկրում ավելանում է գործազրկությունը, դա կանաց վրա ավելի մեծ ազդեցություն է գործում՝ կախված մի շարք հանգամանքներով: Հենց այդ գործոններն էլ խոչընդոտ են հանդիսանում, որ կնոջը չեն ընդունում աշխատանքի, կամ ստանում են համեմատաբար ցածր աշխատավարձ:

Խոսելով աշխատավարձերի բալանսավորման մասին, փաստաբանը նշեց նաև, որ դեռ 2013 թվականին «Արհմիությունների միավորում»-ը (GTUC) իրականացրել է հետազոտություն, որի հիման վրա մասնավոր ընկերություններին պարտավորեցվել է ստեղծել հատուկ մեթոդաբանություն՝ խնդիրը որոշ չափով լուծելու համար:

Թվարաձեի կարծիքով, լուծումներից ևս մեկը խիստ վերահսկողության պահպանումն է: Նա նաև նշեց, որ գրեթե բոլոր երկրներում այս խնդիրն առկա է.

«Միջազգային հետազոտությունների հիման վրա կարող եմ ասել, որ խնդիրը միայն մեր մոտ չէ ակտուալ: Այն տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, պարզապես տարբերվում են խնդրի լուծման ձևերը, որոշ տեղերում լուծման ճանապարհներն արդյունավետ են, որոշներում՝ ոչ: Չնայած այս ամենին, ամեն ինչ արվում է, որ գենդերային հավասարությունը պահպանված լինի բոլոր բնագավառներում: Փորձում ենք մոտ լինել այն ստանդարտներին, որոնք գործում են եվրոպական երկրներում և որոնք ավելի ընդունելի են»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցը ամփոփում է Թվարաձեն: