Վրաստանում այսօր հարգում են 1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակը: Քաղաքական գործիչները, հանրային դեմքերը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հոգևորականներն ու շարքային քաղաքացիներն այսօր հավաքվել են Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի առջեւ տեղակայված հուշարձանի մոտ:«Չափազանց կարևոր է, որ չմոռանանք այն ողբերգությունը և մարդկանց, ովքեր պայքարում էին մեր երկրի անկախության համար»,- հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Զոհերի հիշատակը հարգել են նաև իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի խոսնակը և այլ քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:
1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց, Վրաստանի հանրապետության Գերագույն խորհուրդը, Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը: Այսօր, միեւնույն վայրում, տեղի է ունեցել մեկ այլ բողոքի ցույց, որտեղ ցուցարարները պահանջում էին հետաքննել Զվիադ Գամսախուրդիայի մահը:
Առաջին նախագահի որդին` Ցոտնե Գամսախուրդիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կասկած կա, թե իրենց հոր սպանության գործը հատուկ չի քննվում: Նրա խոսքերով, գործող իշխանությունները փորձում են պաշտպանել ռուսական հատուկ ծառայությունների և Շևարդնաձեի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին: