Գախարիա-Խազարաձե միավորման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել

Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան միավորվելու շուրջ համաձայնության չեն հասել։

«Վրաստանի համար» կուսակցության տարածած հայտարարության մեջ կարդում ենք, որ կարծես թե «Ուժեղ Վրաստան»-ը չի կարողացել հաղթահարել ներքին կոնսենսուսը։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնել «Լելո»-ին («Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս — հեղ.) և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և հայտարարել, որ այս փուլում համաձայնություն ձեռք չի բերվել։

«Կոնկրետ որոշումներ կայացնելու ընտրական ժամանակն արդեն սահմանափակ է, հետևաբար` այս փուլում համաձայնության գալ չի հաջողվել»,- գրված է հայտարարության մեջ։

Գախարիայի կուսակցությունը հույս է հայտնել, որ հաջորդ գումարման խորհրդարանում կհամագործակցի «Լելո»-ի հետ։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Սաբա Բուաձեն ասել է, որ իրենց համար անակնկալ էր Գախարիայի կուսակցության հայտարարությունը միավորման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Նա նշել է, որ գործընթացը դեռ շարունակվում է նախագահի ակտիվ մասնակցությամբ։

Ընդդիմադիր առաջնորդներն առաջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 17-ին. առաջին փուլում պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ Հանդիպումից հետո Գախարիան ասել էր` Խազարաձեն մեկ օր ժամանակ է խնդրել։

Նշենք նաև, որ նախքան նախագահական գնալը, թե՛ սեպտեմբերի 17-ին, թե՛ սեպտեմբերի 18-ին Խազարաձե-Գախարիա առանձնազրույց էր տեղի ունեցել։

Ուշագրավ է, որ երկու ընդդիմադիր ուժերի միավորման և հանդիպման կոչ առաջին անգամ արել էր նախագահը` հրավիրելով Օրբելիանիի նստավայր։

Նշենք, որ «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, բացի «Լելո»-ից, միավորում է «Ազատության հրապարակ»-ը, Անա Դոլիձեի «Ժողովրդի համար»-ը և Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ»-ը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։։