ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ինչ է մտածում իշխանությունը. տնտեսագետ

Ազգային կոմիտեի նախագահ Փադի Ասլին «Facebook» սոցիալական ցանցում գրել էր,  որ Վրաստանի կողմից ԱՄՆ պատժամիջոցները չկատարելու դեպքում կլինեն այլ հետևանքներ ևս։

Վրացի տնտեսագետ, պրոֆեսոր Ակակի Ցոմաիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքն այժմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնք ֆինանսական բնույթի են: Պատժամիջոցները վերաբերում են մի շարք անձանց և կազմակերպությունների՝ հստակ պատճառներով:

«Արդեն ուժի մեջ մտած պատժամիջոցների կատարումը պարտադիր է: Եթե կլինեն այնպիսի հաստատություններ կամ անձինք, որոնք կխուսափեն դրանցից, ապա միանշանակ կպատժվեն: Այսինքն, եթե չկատարվեն ֆինանսական պատրավորությունները (նկատի ունի կիրառված ֆինանսական պատժամիջոցները — հեղ.), ապա նրանք կկանգնեն մեծ ռիսկի դիմաց:

ԱՄՆ-ին չի հետաքրքրում, թե ինչ է մտածում իշխանությունը. նա կիրառել է պատժամիջոցներ, որոնք պետք է կատարվեն»,- ասաց Ցոմաիան:

Ըստ տնտեսագետի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց համար ֆինանսական պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակելու և մերժելու այն ապրանքները, որոնք ամերիկյան ֆինանսական համակարգը տրամադրում է ամբողջ աշխարհին:

Դա առաջին հերթին արտարժույթի հասանելիությունն է, ԱՄՆ դոլարի փոխանցումը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Պատժամիջոցների ենթարկված անձին արգելվում է օգտվել բանկային ծառայություններից, ինչպիսիք են Visa-ն կամ MasterCard-ը:

Պատժամիջոցների ծրագիրը ներառում է սահմանափակումներ մի շարք ուղղություններով.

-Ակտիվների սառեցում՝ բանկային հաշիվներ, անշարժ գույք, բաժնետոմսեր և այլն;

-Ճամփորդության և վիզայի սահմանափակումներ՝ պատժամիջոցների ենթարկված անձանց այլևս չի թույլատրվում մուտք գործել ԱՄՆ;

-Պատժամիջոցների ենթարկված անձանց հետ բիզնես վարելու արգելք՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է բիզնեսով զբաղվել և նրանց հետ ֆինանսական գործարքներ կատարել;

-Միջազգային մեկուսացում՝ պատժամիջոցներն անուղղակիորեն ազդում են նաև այլ երկրների վրա: Որպես կանոն, տարբեր երկրների իրավաբանական անձինք, հատկապես բանկերը, ձեռնպահ են մնում սանկցիայի ենթարկված անձանց ծառայություններ մատուցելուց և նրանց հետ բիզնես վարելուց։

Ցոմաիայի պարզաբանմամբ` այդ սահմանափակումը չի վերաբերում միայն կոնկրետ անձանց, վերաբերում է նաև այդ անձանց հետ առնչություն ունեցող ընկերություններին։ Հնարավոր է, որ լիազորված անձը ոչ թե ընկերության կառավարիչն է, այլ ընկերությունում բաժնեմաս ունի։

«Այս պահին միակ ելքն ընտրություններն են: Այն, ինչ կատարվում է այս պահին Վրաստանում՝ աբսուրդ է: Առաջիկա ընտրություններից է մեծապես կախված Վրաստանի ազատ և անկախ երկիր լինել-չլինելու հարցը»,- ամփոփեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային կոմիտեի նախագահ Փադի Ասլիի՝ եթե պատժամիջոցներից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն այլ պատժամիջոցներ կիրառի Ազգային բանկի դեմ, ապա Վրաստանին առաջին հերթին կսպառնա տնտեսական մեկուսացում, այնուհետև դա կազդի ինչպես ԱՄՆ-ի հետ առևտրի գործընթացի, այնպես էլ ներդրումների ներհոսքի վրա, ինչը կհանգեցնի ազգային արժույթի արժեզրկման և երկրի սնանկացման։

«Ահա թե ինչ կլինի Վրաստանի հետ, եթե Վրաստանի Ազգային բանկը հրաժարվի ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից։ Վրաստանն առաջին հերթին կբախվի տնտեսական մեկուսացման՝ ԱՄՆ ֆինանսական համակարգ սահմանափակ մուտքի պատճառով։ Ազգային բանկի՝ ԱՄՆ դոլարով գործարքներ իրականացնելու անկարողությունը խիստ կսահմանափակի նրա հնարավորությունները միջազգային առևտրի և ֆինանսների ոլորտում»,- գրել է Փադի Ասլին։ Ըստ նրա, այս ամենին կհաջորդի երկրի պարտքային իրավիճակի և միջազգային վարկանիշների վատթարացումը։