Սեպտեմբերի 18-ին լրատվամիջոցների հետ զրույցում Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը Վրաստանի չորս քաղաքացիների, այդ թվում՝ երկու բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին։
Սեպտեմբերի 18-ին Իրակլի Կոբախիձեն այս հարցով հանդիպել էր ԱՄՆ դեսպանին։ Ավելի ուշ նրա մամուլի գրասենյակը հրապարակել էր վարչապետի խոսքը: Հանդիպմանը, մասնավորապես, ասվել է, որ «այդ որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական սահմանին»։
Դաննիգանը լրագրողներին ասել է, որ ԵՄ-Վրաստան Գործարար խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ «վրացական կառավարության վերջին հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը և վարչապետի երեկվա նման հայտարարությունը չեն օգնում Վրաստանին և Վրաստանի ժողովրդին»։
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Վրաստանի կառավարության մեկուսացմանը նպաստող հայտարարությունները չեն ծառայում եվրաինտեգրման նպատակին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, որոնք որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 անձ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։