Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վերջին ժամանակներս պարբերական դարձած բարձր մակարդակի հանդիպումները և քննարկումները Թբիլիսիում դրական արձագանքների են արժանանում։
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ կողմերը բազմիցս նշեցին ռազմավարական գործընկերության և նույն քաղաքական վեկտորով շարժվելու կարևորությունը երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ արված քայլերը Թբիլիսին բազմիցս է ողջունել։ Զրուցել ենք փորձագետների հետ` պարզելու համար, թե ինչ են մտածում նրանք «ասոցացման եռյակը ՀՀ-ով համալրելու» առումով, ․
«Որքան շատ հարավկովկասյան երկրներ ձգտեն դեպի Եվրամիություն, այնքան Բրյուսելի քայլերը կշատանան։ Սա երկկողմանի գործընթաց է և երկուստեք շահագրգռվածություն։ Միաժամանակ, տարածաշրջանում Վրաստանը յուրատեսակ դարպաս է դառնում նաև Հայաստանի համար։ Աշխարհաքաղաքական իրողության պատճառով Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է Վրաստանով։
Ըստ այդմ, Հայաստանի համար կարևոր է, որ Վրաստանը շարունակի իր եվրոպական կուրսը, Բրյուսելի համար` նույնպես, քանի որ մնացած դեպքերում Հայաստանը մեկուսացված դաշնակից է լինելու նաև Եվրոպայի համար», — նշեց քաղաքագետ Գիորգի Կոբերիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում։
Քաղաքական փորձագետն ընդգծեց՝ մինչև թեկնածու դառնալը Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու, պետք է ինստիտուցիոնալ մակարդակով սահմանի պետական արտաքին քաղաքական կուրս։
«Պաշտոնապես Եվրամիությունը ռազմական կազմակերպություն չէ, բայց ռուսական բանակի ու ՀԱՊԿ-ի հետ միասին դժվար է պատկերացնել Եվրամիության անդամակցությունը։ Եթե Վրաստանում պահպանվի եվրոպական կուրսը, և Հայաստանը կարողանա շարժվել եվրոպական ուղիով, դա շատ դրական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա։ Տարիներ շարունակ որոշակի մտավախություն կար, որ Հայաստանում ռուսական զորամիավորումները վտանգ են ներկայացնում Վրաստանի համար», — ասաց Կոբերիձեն` նշելով, որ քաղաքական լավագույն զարգացումների դեպքում Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերություններն էլ ավելի կջերմանան։
Քաղաքական գործիչ և «Վրաստանի համար» քաղաքական կուսակցության Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Սոփո Խորգուանին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տեսլականն այն է, որ «ասոցացման եռյակը» դառնա «ասոցացման քառյակ»։ Նրա խոսքով, այսկերպ Կովկասյան տարածաշրջանում կապահովվի մշտատև անվտանգությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թբիլիսյան այցի շրջանակներում զրույց ունեցավ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն կարևորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և նշել, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը շրջադարձային է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում։
Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ Վրաստանը և Հայաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և վարչապետն այս փաստը համարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը։