Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանին:
Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Կոբախիձեն մտահոգություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի սեպտեմբերի 16-ի որոշման կապակցությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ կիրառել Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ոստիկանների նկատմամբ։
«Նշվել է, որ այս որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական սահմանին, որը նմանատիպ մեկ այլ որոշման դեպքում կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ Վրաստանի դիրքորոշման որակական վերանայման»,- ասվում է հայտարարության մեջ։
Դաննիգանի հետ հանդիպման ժամանակ Կոբախիձեն նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ընդունված որոշումը ուղղված է ընտրություններից առաջ ընդդիմության հնարավորությունների բարելավմանը, սակայն, իրենց իսկ գնահատմամբ՝ դա «ամբողջովին հակաարդյունավետ է, քանի որ իրականում ոչ ձեռնտու է ընդդիմության ընտրությունների արդյունքներին, ոչ էլ վախեցնելու է իշխող թիմին»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 անձ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։