Freedom House-ը դատապարտում է հակաԼԳԲՏ օրենքի ընդունումը

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից հոմոֆոբ օրենսդրական փաթեթի ընդունումը, որը գրաքննություն է պարտադրում և սահմանափակում ԼԳԲՏ մարդկանց իրավունքները։

Հայտարարության մեջ ասվում է, որ օրենքի ընդունումը «հարձակում է Վրաստանի ԼԳԲՏ համայնքի և վրացիների հիմնարար ազատությունների վրա»։

«Այս քայլը, ինչպես մայիսին «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը, ուղղակիորեն պատճենված է Կրեմլի ավտորիտար ձեռնարկից (օրենքից-հեղ.) և կրկին կասկածի տակ է դնում Վրաստանի ժողովրդավարության հետագիծը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի օրենսդիրներին փոխել ընթացքը»,- նշել է Freedom House-ը։

Հիշեցնենք. Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունեց իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։