«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի Վրաստան մուտքի արգելքը լայն քննարկման առիթ է դարձել վրաստանյան քաղաքական դաշտում ու մեդիադաշտում: Վրաստանյան ընդդիմադիր դաշտում Խառատյանի մուտքի արգելքը կապում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ռուսամետ քաղաքականության հետ: Ըստ արձագանքների՝ «Վրացական երազանք»-ը ռուսական գործելաոճով արգելում է ժողովրդավարական արժեքներ կրող մարդկանց մուտքը երկիր:
Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խառատյանի մուտքը Վրաստան խոչընդոտվում է: Գրեթե մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 11-ին, առանց նշելու պատճառը` Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։ Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էր` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը: Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել:
Արդեն իսկ 2-րդ դեպքը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, երբ լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո Խառատյանին հետ են ուղարկել Եվրոպա։
«Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»:
Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում», — գրել է Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Գրիգոլ Գեգելիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Խառատյանի մուտքը Վրաստան արգելքը փաստում է, որ «Վրացական երազանք»-ը վախենում է ցանկացած ազատ մարդուց. այդ թվում՝ վախենում են այն մարդկանցից, ովքեր պատմականորեն կանգնած են Վրաստանի կողքին, Վրաստանի շահերի համար:
«Վրաստանի կառավարությունը ռուսական կառավարություն է. նրանք վախենում են ժողովրդավարական մտածողությամբ ազատ մարդկանցից, այն մարդկանցից, ովքեր մտածողությամբ եվրոպամետ են: Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ երկիրը վերածի ռուսական ոճով ավտոկրատիայի. դա է պատճառը, որ Արսեն Խառատյանի նման գործունյա մարդկանց արգելում է մուտք գործել երկիր»,- ասաց Գեգելիան:
Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ Սոփո Խորգուանիի խոսքով, շատ ցավալի փաստ է, որ նման կերպ են վարվում բարեկամ, հարևան երկրի քաղաքացու նկատմամբ, մանավանդ, երբ ընդամենը երեկ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում:
«Նման քայլերը վնասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Իրավական տեսանկյունից այս երկու հարևան երկրները Անդրկովկասի միակ պետություններն են, որ հայտարարել են եվրանդամակցության մասին, և այս ճանապարհին միմյանց օգնելու փոխարեն նման վնասաբեր քայլերը փչացնում են այդ հարաբերությունները», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Խորգուանին:
Ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց՝ շատ ցավալի է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ քաղաքական դրդապատճառներով արգելակում են լրագրողների մուտքը Վրաստան: Ըստ նրա՝ կապ չունի, թե լրագրողներն ինչ հայացքներ ունեն, Վրաստանը չպետք է դառնա նմանատիպ երկիր:
«Ես հստակ պատճառները չգիտեմ, բայց ինձ համար շատ ցավալի է, որ Վրաստանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ, առանց բացատրության, մի շարք լրագրողների չեն թողնում երկիր մտնել», — ասաց Խոշտարիան:
Միջադեպին արձագանքել է «Ժողովրդի համար» քաղաքական կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն: Նրա կարծիքով, սա այն ուղու շարունակությունն է, որ բռնել է «Վրացական երազանք»-ը. չնյարդայնացնել Ռուսաստանին և նվազեցնել Վրաստանում ժողովրդավարության կողմնակիցների թիվը.
«Եթե կա մարդ, ով ունի ազատ գաղափարներ, աջակցում է Արևմուտքին, աջակցում է ժողովրդավարությանը Վրաստանում և պայքարում է դրա համար, խոչընդոտում են նրա մուտքը»:
Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել