Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի վերջին լիագումար նիստում 84 ձայնով ընդունվեց «Վրացական երազանք»-ի նախաձեռնած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։
Համաներման արդյունքում մոտ 1000 բանտարկյալ անհապաղ ազատ կարձակվի, մոտ 4800 բանտարկյալի պատժաչափը կկրճատվի տարբեր ժամկետներով (1/2-ով, 1/4-ով և 1/6-ով)։ Շուրջ 7000 պայմանական ազատազրկվածների ժամկետը կկրճատվի առնվազն մեկ տարով։
Համաներումը նախատեսում է Քրեական օրենսգրքի 290-ից ավելի հոդվածներով պատժից լրիվ կամ մասնակի ազատում։ Համաներումը տարածվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործությունների վրա։
Օրենքը տարածվում է նաև հանցագործությունը կոծկելու և չհայտնելու համար նախատեսված պատիժների վրա: Համաներումը չի տարածվի սպանության, թմրավաճառության, սեռական հանցագործությունների, կողոպուտի, ահաբեկչության, կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների, կազմակերպված հանցագործության, սովորական հանցագործությունների և այլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա։
Համաներումն ուժի մեջ կմտնի հրապարակումից անմիջապես հետո։