Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նրա տեղակալ Միլեր Լագազաուրիի, ռուսամետ «Ալտ-Ինֆո» ՀԸ-ի ներկայացուցիչներ Զուրա Մախարաձեի և Կոնստանտին Մորգոշիայի նկատմամբ:

Վաշինգտոնը պարզաբանել է՝ նրանց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար։

Հատկանշական է, որ Զվիադ Խարազիշվիլին թե՛ 2023 և թե՛ 2024 թվականների «գործակալների օրենքի» դեմ ընթացող մեծամասշտաբ ցույցերի ժամանակ մասնակցել է ցուցարարների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմանը և ցույցի ծայրահեղ միջոցներով ցրմանը։

Ինչ վերաբերում է «Ալտ-Ինֆո»-ին, ապա վերջինս հոմոֆոբ քաղաքական շարժման հարթակ է, որի «Պահպանողական շարժում» և «Վրացական գաղափար» կուսակցությունների ընտրությունների գրանցման ընթացակարգը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրել է։