Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Փաշինյանի Թբիլիսի այցի շրջանակներում մամուլի համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։
Վրաստանի կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և նշել, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը շրջադարձային է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում։
«Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանում առաջին անգամ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես վարչապետ, և պատիվ է հյուրընկալել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությանը։
Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն արդեն իսկ շրջադարձային է մեր հարաբերությունների խորացման առումով, և այս ամենն ունի կոնկրետ գործնական արդյունքներ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար՝ կապված Աբխազիայից և Ցխինվալիից ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ․ «Այս որոշումն էլ ավելի կամրապնդի մեր երկու երկրների հարաբերությունները»։
Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել է, որ Վրաստանը և Հայաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և վարչապետն այս փաստը համարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը։
Փաշինյանը նաև ասել է, որ Կոբախիձեին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
«Ես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտությունների էջը փակելու և խաղաղությունը պահպանելու պատմական հնարավորություն։ Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման արդյունքում կշահեն ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Վրաստանը, Թուրքիան և Իրանը։ Ուստի բարձր ենք գնահատում նաև Վրաստանի ջանքերը՝ ներդրում ունենալ խաղաղության ապահովման գործում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։