Դպրոցներում 2024-2025 ուստարվանից գործող փոփոխությունները

Վրաստանում այսօրվանից՝ սեպտեմբերի 16-ից, մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին: Այս տարվանից վրաստանյան հանրակրթական դպրոցներում մի շարք փոփոխություններ են գործելու:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, հենվելով etaloni.ge կրթական կայքին` առաջարկում է այն հիմնական նորամուծությունների ցանկը, որոնք կգործեն դպրոցներում ընթացիկ ուսումնական տարվանից:

Հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է հիմնական (բազային) կրթության տևողությանը. բազային կրթության համար անհրաժեշտ կլինի 9-ի փոխարեն սովորել 10 տարի: Ըստ օրենքի՝ Վրաստանում լրիվ հանրակրթական կրթությունն ունի երեք մակարդակ. տարրական՝ I-VI դասարաններ, հիմնական (բազային)՝ VII-X դասարաններ և միջնակարգ՝ XI-XII դասարաններ: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, սակայն դա արդեն նշանակում է, որ 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարողանա դպրոցին հրաժեշտ տալ բազային կրթությամբ:

Ոչ պակաս կարևոր փոփոխություն է ուսուցիչների աշխատավարձի նոր բանաձևը, որը, կառավարության որոշմամբ, ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 1-ից։ Ուսուցչի աշխատավարձը ներառում է պաշտոնեական աշխատավարձը, որը հաշվարկվում է ըստ կրթության և որակավորման, աշխատանքային ստաժի և ծանրաբեռնվածության: Ներառում են նաև առաջատար կամ մենթոր ուսուցչի ֆունկցիոնալ հավելավճարը, դասղեկության հավելավճարը, ինչպես նաև ոչ վրացական դպրոցներում/սեկտորներում վրացերեն՝ ոչ վրացալեզու դպրոցների համար, Վրաստանի պատմություն, Վրաստանի աշխարհագրություն. առարկաներից մեկի դասավանդման հավելավճարը: Ինչպես նաև կլասկոլպլետք դասարանների հավելավճարը, բարձրլեռնային բնակավայրում դասավանդող ուսուցչի հավելավճարը:

Նոր ուսումնական տարում ուսուցիչները դպրոց են մուտք գործում կարիերայի առաջխաղացման չեղյալ կամ ավելի ճիշտ՝ կասեցված սխեմայով, չնայած այն հանգամանքին, որ սխեման կասեցված է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Դեռևս չկա նոր փաստաթուղթ, և հայտնի չէ, թե ուսուցիչներն ինչ քայլեր պետք է անեն կարիերայի առաջխաղացման համար։

Սխեմայում նաև կասեցվել է ուսուցիչների/հատուկ ուսուցիչների համար պարտադիր վերապատրաստումներ սահմանող կետը. նրանք այլևս պարտավոր չեն մասնակցել պարտադիր վերապատրաստումներին:

Դպրոցներում ներդրվել է մասնագիտական ​​կրթություն, և նախարարության ընտրած 20 դպրոցներում կիրականացվի փորձնական ծրագիր։

Պարտադիր համալիր (կոմպլեքս) առաջադրանքները չեղարկվել են, և Ազգային ուսումնական պլանում դասղեկի գործառույթներն այլևս նշված չեն:

Նոր ուսումնական տարվա համար պետք է մշակվեն առարկայական չափորոշիչներ, որոնց մասին դեռ տեղեկություն չկա: