«Ժողովրդին չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից»,-խորհրդարանում ամենամյա իր ելույթում ասել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Խոսելով իր նախաձեռնած «Սահմանադրությունը բոլորինն է» արշավի մասին, նախագահը ասել է․ «այս քարոզարշավը սկսել եմ, որպեսզի Վրաստանի քաղաքացիները, հանրության բոլոր շերտերը ակտիվորեն ներգրավվեն սահմանադրական փոփոխությունների քննարկմանը: Այս հանդիպումներից պարզ դարձավ, որ քաղաքացիները ևս առաջարկներ ունեն: Սահմանադրական հանձնաժողովի անդամներին պետք է հիշեցնեմ, որ ժողովուրդն ավելի շատ ժողովրդավարության կարիք ունի»։
Մարգվելաշվիլին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծում նախագահի ուղիղ ընտրության կարգի փոփոխությանը վերաբերող հարցին, նշել է․«Նախագահի ընտրության կարգը չպետք է կախված լինի ներկա կամ ապագա վարչապետների ցանկությունից»:
«Հանդիպումներից մեկում Քութայիսիի բնակիչները ցանկություն հայտնեցին, որ խորհրդարանը շարունակի գործել իրենց քաղաքում: Ես նրանց խոստացել եմ, որ խորհրդարանում իմ ելույթի ժամանակ կբարձրացնեմ այդ հարցը: Մենք պետք է լսենք ժողովրդին, այդ դեպքում միայն կհասկանանք ու կտեսնենք, թե որքան չլուծված խնդիրներ ունեն նրանք»,-ասել է երկրի ղեկավարը: