Ընդդիմության վարկանիշը «Վրացական երազանք»-ի վարկանիշից բարձր է

Վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով հասարակական կարծիքը հարցումներով պարզող Edison Research կազմակերպության տվյալներով, եթե վաղը Վրաստանում կայանային խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների ընդամենը 34 տոկոսը կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին:

Ուշագրավ է, որ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր վարկանիշը, ըստ հարցումների, շատ ավելի բարձր է, քան «Վրացական երազանք» կուսակցությանը։

Ընդգծենք նաև, որ Edison Research-ի նախկին՝ հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում կատարած հարցման համաձայն, «Վրացական երազանք»-ի վարկանիշը 32,4 տոկոս էր: Ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» և ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունների վարկանիշը 17,3 տոկոս էր:

Վերջին՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարված հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Վրացական երազանք» – 34 տոկոս,
  2. «Միասնություն՝ «Միացյալ ազգային շարժում»/«Ռազմավարություն Աղմաշենեբելի»/«Եվրոպական Վրաստան»» – 19,2 տոկոս,
  3. «Գախարիան՝ Վրաստանի համար» – 10,6 տոկոս,
  4. «Ուժեղ Վրաստան՝ «Լելո»,/«Ժողովրդի համար»/Ազատության հրապարակ»/«Քաղաքացիներ»» – 9,8 տոկոս,
  5. «Կոալիցիա փոփոխությունների համար՝ «Ախալի»/«Գիրչի»/«Դրոա»» – 9,1 տոկոս,
  6. «Գիրչի՝ Իագո Խվիչիա» – 5,9 տոկոս,
  7. «Լեյբորիստական ​​կուսակցություն» – 5,1 տոկոս,
  8. «Հայրենասերների դաշինք»/«Ալտ-ինֆո» – 3 տոկոս,
  9. «Մենք՝ Դավիթ Քացարավա» – 2,1 տոկոս,
  10. Այլ կուսակցություններ – 1,2 տոկոս։

Ըստ հարցման՝ 71 տոկոսը կարծում է, որ ընտրություններում պետք է հնարավորություն տրվի մեկ այլ կուսակցության։ Հարցվածների 73 տոկոսն ասել է, թե վստահ է, որ ճիշտ ընտրություն է կատարում, իսկ 27 տոկոսը չի բացառում, որ կարող է փոխվել իրենց ընտրությունը։ Հարցվածների 79,6 տոկոսն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին։

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց անցողիկ շեմով:

Հետազոտության շրջանակում հարցվել է Վրաստանում բնակվող 18 և ավելի բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1000 մարդ՝ պատահական ընտրության սկզբունքով, դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Սխալների սահմանը +/- 2,5 տոկոս է: