Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում դեռևս առկա են խնդրահարույց հարցեր, մասնավորապես` լեզվի չիմացությունը, որը սկսվում է դեռ դպրոցական տարիներից և շարունակվում համալսարանական կյանքում:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը բազմիցս խոսել է վերոնշյալ խնդիրների մասին:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաշվի առնելով լեզվին լավ չտիրապետելու հանգամանքը, էթնիկ փոքրամասնությունները հանձնում են երկու քննություն՝ մաթեմատիկա և տրամաբանություն:
Հարկ է նշել, որ մինչև 2024 թվականը պետությունը ֆինանսավորում էր 100 հայ և 100 ադրբեջանցի ուսանողի:
2024-2025 ուսումնական տարում, կրթության և գիտության նախարարի հրամանով, էթնիկ փոքրամասնությունների համար վրաց լեզվի ուսուցման («1+4») կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ֆինանսավորումը կրկնապատկվել է:
Մի շարք բարելավումներով հանդերձ, բազմաթիվ ուսանողներ հանդիպում են խոչընդոտների՝ ուսման վճարի, տան վարձի և այլ խնդիրների հետ կապված:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը խոսել է Թբիլիսիում սովորող և արդեն իսկ այս դժվարությունների միջով անցած ուսանողների հետ՝ նրանց կարծիքը իմանալու նպատակով:
Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղից Վարսենիկ Ղադյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին կուրսում:
Ըստ նրա, ուսման վարձ վճարելը ուսանողների համար միակ դժվարությունը չէ: Հիմնական խնդրի՝ լեզվի չիմացության պատճառով, էթնիկ փոքրամասնությունները բախվում են այլ խնդիրների ևս՝ տեղեկատվության անհասանելիություն, սահմանափակ հաղորդակցություն դասախոսների և այլ ուսանողների հետ:
Խոսելով ուսանողական կյանքի բարելավման հնարավորություններից՝ Վարսենիկը վերհիշում է «1+4» ծրագիրը, որը լավ հնարավորություն է ազգային փոքրամասնությունների համար:
«Այս ամենի հետ մեկտեղ, լսել եմ, որ պլանավորում են կառուցել հանրակացարաններ ուսանողների համար, գործում են նաև սոցիալական դրամաշնորհների ծրագրեր, որոնցից կարող են օգտվել ոչ վրացալեզու ուսանողները, դա ևս դրական տեղաշարժ կլինի»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց Վարսենիկը:
Վարսենիկը հավատում է, որ ապագայում կրթությունը կարող է ավելի հասանելի դառնալ էթնիկ փոքրամասնություններին՝ շնորհիվ նոր խրախուսող ծրագրերի և ֆինանսական աջակցության:
Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղից Կարեն Կապլանյանը, որը Իլիայի պետական համալսարանի ուսանող է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց, որ շրջանի ուսանողները նույնպես, համալսարանական կյանքը ավելի հեշտ դարձնելու համար, դիմել են շրջանի քաղաքապետարան՝ կրթաթոշակ ստանալու խնդրանքով:
Քաղաքապետարանը պահանջել է 400-450 ստորագրահավաք:
«Արդեն ամեն ինչ պատրաստ է, մոտ օրերս պատրաստվում ենք նորից դիմել, ունենք պահանջվող փաստաթղթերը: Հուսով ենք, այս անգամ կստանանք դրական պատասխան»,- ասաց Կարենը:
Նինոծմինդայի շրջանից Տիգրան Թարզյանն էլ, որ 2018 թվականին ավարտել է Իլիայի պետական համալսարանը, վաղուց է բարձրաձայնում էթնիկ փոքրամասնությունների խնդիրներից:
«Իմ շրջապատի և համայնքի օրինակից ելնելով` կարող եմ փաստել, որ, բացի տան վարձից, քաղաքում դժվար կողմնորոշվելու հանգամանքներից, ուսման վճարման համար շատ-շատերը բաց են թողնում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:
Հիշում եմ, 2013 թվականն էր, Իլիայի պետական համալսարանում հայ ուսանողների թիվն այդքան էլ շատ չէր, ինձ հետ սովորող ուսանողներից մեկը տարվա երկրորդ կիսամյակից թողեց ուսումը՝ ուսման վճարի և այլ ֆինանսական խնդիրների պատճառով»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում հիշեց Տիգրանը:
Ըստ Տիգրանի, կան շրջաններ (օրինակ է բերում Նինոծմինդան — հեղ.), որտեղ ուսանողներին քաղաքապետարանը տրամադրում է կրթաթոշակ: Բայց սա վերաբերում է այն ուսանողներին, որոնք հավաքում են բարձր միավորներ: Ավելի նպատակահարմար կլիներ` ֆինանսական աջակցություն ցուցաբերել համեմատաբար սոցիալապես անապահով ուսանողներին, ոչ թե միջին ֆինանսական կարգավիճակ ունեցողներին, ասաց Տիգրանը:
Տիգրանը ներկայացնում է «Երիտասարդները՝ հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կազմակերպությունը, որի շրջանակներում ունեցել են բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ կրթության ոլորտի ներկայացուցիչնների հետ:
Քննարկել են նաև «1+4» ծրագիրը և դրա հետ կապված դրական և բացասական կողմերը: Խորհրդակցող կողմը հաղորդել է, որ սպասվում են փոփոխություններ ոչ միայն ամբողջ կրթական համակարգում, այլև «1+4» ծրագրի շրջանակներում:
Ուսանողները վստահ են, որ խնդիրների լուծման միակ բանաձևը դրանց բարձրաձայնումն է, որի արդյունքում էլ լուծումներ կգտնվեն:
Այս թեմայի հետ կապված այլ մանրամասներ կարող եք կարդալ ստորև՝