2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Նախընտրական շրջանում, ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սոցիալական ծրագրի օգտագործումն ընտրական նպատակներով շարունակում է մնալ քննարկվող թեմաներից մեկը։ Նկատենք, որ կառավարության կողմից սոցիալական ծրագրերի ակտիվ առաջմղումը և, համապատասխանաբար, սոցիալական աջակցության ծախսերի ավելացումը համարվում են ընտրողների վրա ազդելու կարևոր լծակներ։
Վրաստանում աղքատության դեմ պայքարի նպատակով տրամադրվում է սոցիալական աջակցություն, այսինքն՝ ապրուստի նպաստ, որի նպատակը բարելավումն է գնահատման համակարգով բացահայտված սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, նաև երկրում աղքատության մակարդակի նվազեցումն ու ապագայում դրա խորացման կանխումը:
Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղի բնակիչներից մեկը, չցանկանալով հայտնել իր անունը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև 2020 թվականի հուլիս-օգոստոս սոցիալական նպաստ է ստացել։ Սոցիալական նպաստից օգտվել են և՛ ընտանիքի մեծահասակները, և՛ 3 անչափահաս երեխաները, սակայն հետագայում նրանք զրկվել են նպաստից։ Մեր զրուցակցի խոսքով, ինքը դիմել է համապատասխան անձանց՝ սոցիալական նպաստը վերականգնելու խնդրանքով, բայց մերժում է ստացել: Ասում է, որ եկել են, տունը նայել-գնահատել են, հարցեր են տվել ու տեսել կոմունալ պայմանները, բայց էլի նպաստ չի ստանում։ Պատճառն, ըստ նրա, եղել է այն, որ ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել և վերադարձել է Վրաստան։ Մեր զրուցակիցը պնդում է, որ ինքը կապ չունի ամուսնու հետ և նրանից գումարային օգնություն չի ստանում: Նա նաև դիմել է գյուղապետին և Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետին, բայց նրանք նույնպես հրաժարվել են օգնել։
«Նախընտրական շրջանում գալիս էին և ասում՝ ուրիշ գյուղապետի կամ թեկնածուի հո ձայն չե՞ք տալու, մենք իրար ճանաչում ենք, դուք գիտեք մեր աշխատաոճը… Ընտրություններից հետո, երբ նրանց օգնության կարիքն ունեինք, հրաժարվեցին օգնել մեզ։ Հիմա ընտրական շրջան է լինելու, տեսնենք՝ ինչպես են պահանջելու մասնակցել ընտրություններին կամ քվեարկել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նպատակային սոցիալական աջակցության ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2006 թվականին և մինչ այժմ կառավարության հիմնական գործիքն է աղքատ տնային տնտեսություններին օգնելու առումով: Ծրագիրն օգտագործում է կարիքների գնահատման անուղղակի մեթոդը (Proxy Means Testing – PMT) տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական վիճակը որոշելու համար: Սոցիալապես անապահովի կարգավիճակ ստանալու համար ընտանիքները գնահատվում են այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ բնակության վայրի վիճակը, ընտանիքի անդամների թիվը և նրանց աշխատանքային կարգավիճակը, ընտանիքի անդամների առողջական վիճակը, անշարժ գույքի սեփականությունը, կոմունալ վճարումների արժեքը և այլն: Այս ցուցանիշների հիման վրա հատուկ համակարգչային ծրագիրը հաշվարկում է տնային տնտեսությունների բարեկեցության գնահատականը:
Ընթացիկ մեթոդաբանությամբ գնահատված (ուսումնասիրված) ընտանիքների համար կիրառվում են կենսապահովման հետևյալ չափերը.
Ընտանիքը դրամական օգնություն է ստանում կենսապահովման նշանակման կարգը բարեհաջող անցնելուց հետո, նշանակված վարկանիշային միավորն ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսից։
Նախընտրական շրջանում սոցիալական օգնություն ստացողների թվի աճի մասին վկայում են նաև տարբեր հասարակական կազմակերպություններ։ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ»-ի (IDFI) տվյալներով՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում սոցիալական օգնություն ստացողների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 100 հազար մարդով։ Մինչև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ միայն հունիսին, սոցիալական օգնություն ստացողների թիվն աճել է շուրջ 70 հազար մարդով, նախորդ ընտրությունների համեմատ՝ 112 հազարով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության սոցիալական ծառայության գործակալության տվյալների համաձայն՝ վերջին 10 տարում սոցիալապես անապահով մարդկանց թիվն աճել է 51 տոկոսով։ Եթե 2012 թվականին պետությունից ամսական սոցիալական նպաստ է ստացել միջինը 435 հազար 961 մարդ, 2024 թվականի օգոստոսի դրությամբ այս թիվը հասել է 680 000-ի։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նպաստառուները թիվն անընդհատ փոփոխվում է՝ թե՛ ավելանալով, թե՛ նվազելով։ Իսկ ահա նախընտրական շրջանում միշտ ավելանում է օգնություն ստացողների թիվը։ Վիճակագրության հիման վրա կարելի է ասել, որ ընտրական տարիներին (2012, 2016, 2020) սոցիալական աջակցություն ստացողների թիվն աճել է, թեև պետք է նշել, որ վերջին տարիներին այդ մարդկանց թիվն անընդհատ ավելանում է։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) հետազոտող-իրավաբան Մարիամ Ջանիաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ երբ խոսում ենք քաղաքական մանիպուլյացիայի և սոցիալապես անապահով մարդկանց քաղաքական ուղղորդման մասին, նախևառաջ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել բուն սոցիալական նպաստների համակարգի գործունեության հիմնական մարտահրավերների և հատկապես այն աճող վերաբերմունքի վրա, որ վերջին տարիներին նկատելի է բնակչության շրջանում։ Նրա խոսքով, «Սոցիալական արդարության կենտրոն»-ի դիտարկումն ու հետազոտությունը ցույց են տվել, որ հետզհետե ավելի շատ մարդիկ են միանում կենսապահովման համակարգին և ստանում պետական սոցիալական նպաստ։
«Փոխանակ պետությունն օգնի և աջակցի նրանց (սոցիալապես անապահով ընտանիքներին — հեղ.) աղքատությունը հաղթահարելու համար, մարդիկ իրականում ավելի շատ են կախված այդ տրվող օգնությունից (սոցիալական օգնությունից)։ Այսինքն՝ պետության կողմից չկան նպատակներ և արդյունավետ մեխանիզմներ, այդ թվում՝ արդյունավետ ծառայություններ, որոնք իրականում կօգնեին այս ընտանիքներին, որ հաղթահարեն աղքատությունը»,- ասաց Ջանիաշվիլին։
Նա նաև հավելեց, որ տագնապալի փաստ է, երբ Վրաստանի բնակչության ավելի քան 18 տոկոսը (677 հազար մարդուց ավելի) նպաստառու է: Վիճակագրությունը վկայում է, որ սոցիալական աջակցություն ստացողների մոտ կեսը համակարգում է գտնվում հինգ և ավելի տարի, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ համակարգից կախվածություն ունեցող մարդկանց թիվը բավականին մեծ է։ Նրա խոսքով, կան դեպքեր, երբ մարդիկ 10-15 տարի մնում են համակարգում, ինչը տագնապալի է.
«Կենսապահովման համակարգն ինքնին բավականին մշուշոտ է, այսինքն՝ հիմնված է բալային համակարգի վրա, որը հաշվարկվում է բարդ համակարգչային ծրագրի միջոցով։ Մի շարք հարցականներ են առաջանում, քանի որ համակարգն անորոշ է։ Նաև մեծանում է ռիսկը, որ այս համակարգը կօգտագործվի իշխող կուսակցությունների կողմից»,- ասաց Ջանիաշվիլին։
Նրա խոսքով, SJC-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ, որպես կանոն, ընտրական ժամանակահատվածում և՛ սոցիալական նպաստառուների, և՛ սոցիալական աշխատողների թիվն ավելի շատ է եղել, քան ոչ նախընտրական տարիներին։
«Հետազոտությունը ցույց տվեց նաև, որ տարածքային առումով ինչ-որ կապ կա իշխող կուսակցության ստացած ձայների և այդ մարզում կամ մունիցիպալիտետի տարածքում (ապրող-հեղ.) նպաստառուների թվի միջև: Այս եզրակացությունը, իհարկե, ստացվել է միայն թվային տվյալների համեմատության արդյունքում, բայց, դրանից բացի, բազմաթիվ շրջաններում մարդիկ խոստովանում են, որ խուսափում են քննադատական կարծիք հայտնելուց, նույնիսկ ինչ-որ բանի դեմ բողոքելուց՝ վախենալով իրենց համար վտանգ ստեղծել, քանի որ այս ծրագրի առումով մեծ անորոշություն կա, ինչը մեծացնում է անձնական նպատակների համար դրա օգտագործման վտանգը»,- նկատեց Ջանիաշվիլին։
SJC-ի զեկույցում ուսումնասիրված տվյալներն ընդգծում են որոշ նկատելի միտումներ՝ կապված կենսապահովման նպաստ ստացողների և ընտրական ժամանակաշրջանների հետ: Զեկույցում կարդում ենք, որ 2012, 2016 և 2020 թվականների խորհրդարանական ընտրությունների ժամանակ կենսապահովման նպաստ ստացողների տոկոսն ավելի բարձր է եղել նախորդ երեք տարվա միջինից։ Այս աճը հատկապես նկատելի է եղել 2016 և 2020 թվականների ընտրություններում՝ ենթադրելով հնարավոր կապ ընտրական փուլերի և սոցիալական ծախսերի միջև։
«Վերլուծելով նախընտրական և ընտրական շրջանները՝ պարզ է դառնում, որ նախընտրական շրջանում նպաստառուների տոկոսն ավելի բարձր է։ Այս միտումը համահունչ է նաև վերջին խորհրդարանական ընտրություններին՝ ցույց տալով, որ գործող կառավարությունը կարող է մեծացնել սոցիալական ծախսերը՝ ընտրողների աջակցությունը ստանալու համար: ՏԻՄ ընտրություններն ավելի հետաքրքիր արդյունքներ են ցույց տալիս: Դրանից բացի, 2021 թվականի խիստ մրցակցային ընտրությունների ժամանակ կենսապահովման նպաստառուների թվի զգալի աճ է գրանցվել»,- նշված է զեկույցում:
«Փաստ-մետր»-ի ավագ վերլուծաբան Թեոնա Աբսանձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ երկար տարիների դիտարկման արդյունքում կարելի է ասել, որ նախընտրական շրջանում նպաստառուների թիվը ռեկորդային աճ է գրանցում: Նրա խոսքով՝ այս տարի ևս նպաստառուների թիվը բարձր մակարդակի վրա է։
«Երբ ասում ենք, որ սոցիալական ծրագիրը կարևոր լծակ է իշխանության ձեռքում, դա ասելու հիմքը տալիս են սոցիոլոգիական ուսումնասիրությունները և այն տրամադրությունները, որ առկա են նպաստառուների շրջանում: Այսինքն, որպես կանոն, այս խումբը խոցելի խումբ է, նրանց մեջ արմատացած զգացում կա, որ եթե չգնան ընտրությունների և չքվեարկեն գործող իշխանության օգտին, և եթե իշխանությունը փոխվի, հնարավոր է զրկվեն նպաստից», — ասաց Աբսանձեն։
Նա նաև նշեց, որ աղքատության դեմ պայքարելու համար տրվում է նպատակային սոցիալական աջակցություն: Աջակցության նպատակն է բարելավել բացահայտված սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, նվազեցնել աղքատության մակարդակը երկրում և/կամ կանխել այն։ Այնուամենայնիվ, աճող վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն այս նպաստը, առանց այլ նպաստող հանգամանքների, չի հասնում այդ նպատակին: Մեկ մեծահասակի համար օգնության չափը 30-ից 60 լարի է, ինչն ակնհայտորեն ի զորու չի հաղթահարել աղքատությունը։
Սոցիալական աջակցության ծրագրին զուգահեռ, ուշագրավ է «Հանրային զբաղվածության ծրագիրը», որը Վրաստանի կառավարության կողմից գործարկվել է 2022 թվականի մարտի 1-ին՝ աղքատության հաղթահարման և սոցիալապես անապահով, աշխատունակ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով, և նպատակն էր աշխատանքի տեղավորել 200 հազար սոցիալապես անապահով մարդկանց։
Հանրային աշխատանքների մասին Վրաստանում առաջին անգամ հրապարակային հայտարարվել են 2021 թվականի նոյեմբերին, այնուհետև՝ 2022 թվականի փետրվարին՝ ծրագրի հաստատումից ընդամենը մի քանի օր առաջ։ Ծրագիրն ազդարարող հրապարակային հայտարարություններում չէր նշվում, թե ինչ մարտահրավերների դիմակայմանն է ուղղված ծրագիրը, թեև որոշ հավակնոտ հայտարարություններ էին արվել ծրագրի հաջողությունը որոշող ցուցանիշների վերաբերյալ: Հիմնականում շեշտը դրվել էր մեծ թվով նոր աշխատատեղերի ստեղծման և, որ ամենակարևորն է` խոշոր զարգացման կամ ենթակառուցվածքային ծրագրերի վրա:
Ծրագրի պայմանների համաձայն, եթե ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող սոցիալապես անապահով անձինք այս աշխատանքը ֆորմալացնեն, այսինքն՝ օրինականացնեն կամ պարզապես միանան զբաղվածության ծրագրին, ապա նրանց 4 տարի նպաստ կտրամադրվի, և ամեն ամիս կատարած աշխատանքի համար` լրացուցիչ 300 լարի։ Նրանց սոցիալական միավորները կվերանայվեն միայն 4 տարի հետո։
Թեոնա Աբսանձեի խոսքով, այս ծրագրով աշխատատեղերն ստեղծվում են արհեստականորեն, աշխատավարձը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Ըստ նրա՝ որպես գործազրկության ծրագիր, դա չի կարելի արդյունավետ համարել, այդ ծրագիրն ունի նույն ձևը, ինչ սոցիալական աջակցությունը մարդկանց։
Վերոնշյալ վերլուծությունից կարելի է հետևություն անել, որ նախընտրական շրջանում մշտապես ավելանում է նպաստառուների թիվը և նվազում է, եթե մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում։ Հարկ է նշել նաև, որ նպաստառուների ծրագրում բարեփոխումներ են անհրաժեշտ, քանի որ այս ծրագիրն իր ներկայիս տեսքով կարծես թե անարդյունավետ է, և դրա մասին է վկայում տարեցտարի նպաստառուների թվի ավելացումը։ Աճող վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա՛մ գործող ծրագիրն ունի թերություններ, կա՛մ երկրի տնտեսական վիճակը տարեցտարի վատթարանում է։
Հոդվածի գրաֆիկը ցույց է տալիս, որ սոցիալական աջակցության ծրագիրը դարձել է քաղաքական նպատակներով օգտագործման մութ մեխանիզմ։ Հոդվածում ներկայացված տվյալների ու կարծիքների ամփոփման հիման վրա տրամաբանական կասկած է առաջանում, որ սոցիալական աջակցության ծրագիրը նախընտրական շրջանում կարևոր լծակ է թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանությունների համար։ Նկատենք նաև, որ աղքատության հաղթահարման և սոցիալապես անապահով, աշխատունակ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով կառավարության նախաձեռնած «Հանրային զբաղվածության ծրագիրը» ևս խնդրահարույց է։ Վերջինս սահմանված նպատակին հասնելու արդյունավետ միջոց չէ, և պետության համար կրկին ավելացնում է սոցիալական ծախսերը: Այստեղ հարկ է նշել, որ «Հանրային զբաղվածության ծրագիրը» պետության համար ավելացնում է սոցիալական ծախսերը և չի նպաստում աղքատության պայմաններում ապրող քաղաքացիների զարգացմանն ու մասնագիտական որակավորման բարձրացմանը։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ծրագրի ավարտից հետո հասարակության շրջանում կլինեն նույն խնդիրները, ինչ` նախկինում։