«Վրացական երազանք»-ի նախընտրական գովազդը եթերից հեռացնելու համար Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը խախտումների արձանագրություն է կազմել ընդդիմադիր համարվող «TV պիրվելիի»-ի և «Ֆորմուլա»-ի դեմ։ «Մթավարի արխի» ինտերնետային լրատվականը, որը հրաժարվել է հեռարձակել հոլովակը, ևս ստացել է նկատողություն։ Հանձնաժողովն այսպիսով բավարարել է իշխանության խնդրանքը։
Եթերից հեռացված նախընտրական հոլովակում երևում են քաղաքացիական ակտիվիստներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հնչում է իշխող կուսակցության կոչը՝ «ասեք ո՛չ հասարակության բարոյական այլասերմանը, ընտրե՛ք ավանդական արժեքները»։
«Հանձնաժողովը պարզել է, որ քաղաքական գովազդը, ըստ երևույթին, չի հրահրում ատելություն կամ բռնություն: Ընտրական սուբյեկտի պատրաստած տեսահոլովակը ներկայացնում է քաղաքական միավորման նախընտրական տեսլականը։ Ըստ այդմ՝ ներկայացված տեսահոլովակը չի խախտում գործող օրենսդրության պահանջները, և հեռարձակողները պարտավոր էին այն եթեր տալ»,- գրված է կապի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։
Հատկանշական է, որ նախընտրական շրջանում բոլոր ընդհանուր հեռարձակողները պարտավոր են անվճար գովազդի ժամանակ տրամադրել ընտրություններին մասնակցող որակավորված սուբյեկտներին, հեռուստաալիքը պատասխանատվություն չի կրում տեսահոլովակի բովանդակության համար։