Ախալքալաքում 2022 թվականից գործում է Սվետլանա Սերոբյանի և Գիորգի Մելիքիձեի հիմնած «Քայլեր» կենտրոնը, որը ծառայում է աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների կյանքի բարելավմանը: Կենտրոնը, որը հովանավորվել է Mercy Corps և «Եվրամիությունը Վրաստանի համար» ծրագրերի շրջանակներում, աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին ապահովում է անհրաժեշտ խնամքով ու ուշադրությամբ: Ընտանիքը, որ սեփական մաշկի վրա է զգացել աուտիզմով երեխա մեծացնելու մարտահրավերները, ցանկանում էր ստեղծել մի միջավայր, որտեղ մյուս ընտանիքները կստանան իրենց անհրաժեշտ օգնությունը, ինչը հնարավոր դարձավ ԵՄ և այլ կազմակերպությունների աջակցությամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է «Քայլեր» կենտրոնի համահիմնադիր Գիորգի Մելիքիձեի հետ։
Աուտիզմի վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը ծագել է ընտանիքի սեփական փորձից, քանի որ Ախալքալաքում չկար նման կենտրոն, իսկ Թբիլիսիում կենտրոն հաճախելը բավականին խնդրահարույց էր։ Գիորգին նշեց, որ առաջնային գաղափարը ներկայացնելիս MERCY CORPS և Եվրամիության միասնական ծրագրին, հույս չունեին, որ կընդառաջեն ու կֆինանսավորեն:
Ֆինանսական աջակցություն ստանալուց հետո ծագեց տարբեր վերապատրաստման թրեյնինգներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Աուտիզմի ոլորտը մշտապես զարգանում է, արագորեն ի հայտ են գալիս նոր մոտեցումներ, ինչը պարտադրում է մշտապես հետևել և հարմարվել վերջին զարգացումներին, դրանց թվում` վերապատրաստել մասնագետներին. այդ հարցերի լուծման գործում իրենց աջակցել է «Վաղ զարգացման կոալիցիան»։
«Մեր ցանկությունը ոչ միայն նման կենտրոնի հիմնումն էր, այլ նաև ծնողին ուժ տալու մղումը, քանի որ ծնողներից շատերը չունեին բավարար տեղեկություն, իսկ ծառայությունը պետք է լիներ հասանելի», — ասաց նա։
Այսօր կենտրոնը համագործակցում է առողջապահության նախարարության հետ՝ «Երեխաների վաղ զարգացման ենթածրագրի» սահմաններում, որն ապահովում է ամսական 8 անվճար թերապիայի ժամ մինչև 7 տարեկան երեխաների համար, սակայն, կենտրոնի համահիմնադրի խոսքով, դա բավարար չէ, քանի որ 7 տարին բոլորած երեխաների ընտանիքները ֆինանսական խնդրի պատճառով կիսատ են թողնում պարապմունքները։
Նշենք, որ կենտրոնն ունի նաև մասնաճյուղ Նինոծմինդայում, որը, թերևս, ավելի քիչ երեխաների է ծառայում, քան Ախալքալաքի կենտրոնը։
Ըստ Գիորգիի, հասարակության արձագանքն ի սկզբանե միանշանակ չէր, բայց այժմ կան որոշակի փոփոխություններ՝ հասարակության շրջանում արդեն քննարկվում է այդ խնդիրը։
Աուտիզմի մասին տեղեկացվածության բարձրացման համար նրանք անցկացրել են մի շարք հանդիպումներ ծնողների, մանկապարտեզների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ, նրանց աջակցել է նաև «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ն։
Ներկա պահին կենտրոնում աշխատում են 3 վարքի թերապևտ, 2 վաղ ինտերվենցիոնիստ/խոսքի թերապևտ, որոնց գործունեությունը հիմնվում է փորձառուներից ստացված տեղեկության վրա։ Կենտրոնը նաև համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ նոր տեղեկություններից, նորամուծություններից տեղյակ լինելու համար։
«Կենտրոնում կա ծրագիր՝ «Երեխաների աբիլիտացիա/ռեաբիլիտացիայի», որի տարիքային սահմանափակումը մինչև 18 տարեկան է, և աահմանափակ հնարավորություն ունեցող երեխաներին տրամադրվում է թերապիայի ամսական 20 անվճար ժամ։ Չունենք համապատասխան մասնագետներ և տարածք, և եթե տարածքի հարցը լուծելը համեմատաբար հեշտ է, մասնագետների բացակայությունը մեծ խնդիր է», — նշեց նա։
Աուտիզմի վերականգնողական կենտրոնը երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել է խնամք և աջակցություն մի տարածաշրջանում, որը զարգացման փուլում է, սակայն պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա վերջերս ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը տվյալ կենտրոնի և այլ ՀԿ-ների գործունեության ու ֆինանսավորում ստանալու հնարավորության վրա։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան