2024 թվականի սեպտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Վրաստանի «գործակալների օրենք»-ը։ «Օրենքներ ընդդեմ հասարակական կազմակերպությունների և ժողովրդավարության դեմ ուղղված բռնաճնշումների այլ գործիքների» խորագրով լսումները սկսվել են Թբիլիսիի ժամանակով 18:30-ին։
Վրաստանի վերաբերյալ քննարկման բանախոսն էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։
Սենատոր Ջիմ Ռիշը հետաքրքրվել է, թե ինչու է Վրաստանը շարժվում դեպի Ռուսաստան, որին ի պատասխան Էկա Գիգաուրին ասել է, որ տարիներ շարունակ Վաստանի կառավարությունը կազմակերպում է ապատեղեկատվական արշավներ՝ ուղղված արևմտյան արժեքների և քաղաքացիական հասարակության խաթարմանը, սակայն, չնայած դրան, երկրի բնակչության մեծ մասը ցանկանում է արևմտյան ինտեգրում:
Գիգաուրիի պատասխանից հետո սենատոր Ռիշն ասել է. «Դուք ինձ հույս եք տալիս, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է ճիշտ ընտրություն կատարել։ Մենք կդիտարկենք ընտրությունները… Եթե ձեր ասածը վրաց ժողովրդի մասին ճիշտ է, նրանք այս հոկտեմբերին հնարավորություն կունենան հեռացնել խանգարողներին՝ իրենց սեփական ապագան իրենց ձեռքը վերցնելով…»:
Սենատոր Ջին Շահինը հերթական անգամ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպման ժամանակ իրեն խնդրել է, որ ԱՄՆ-ը դադարեցնի կառավարությանը քննադատող հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը։
Այդ մասին սենատոր Շահինն առաջին անգամ հայտարարել է մեկ շաբաթ առաջ, ինչը վարչապետ Կոբախիձեն հերքել էր և անվանել «սուտ»։ Շահինն այս անգամ պարզաբանել է, որ սենատորները վարչապետին հարցնում էին, թե ինչ կարելի է անել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները բարելավելու համար, իսկ Կոբախիձեն «միայն մեկ խնդրանք ուներ»՝ դադարեցնել քննադատական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը։
Իր ելույթում Էկա Գիգաուրին ասել է՝ եթե վրացական ժողովրդավարությունը պարտություն կրի, և երկիրը կրկին ընկնի ռուսական ուղեծրի տակ, «Ռուսաստանը կշարունակի մեզ որպես ետնաբակ նշանավորել և իր ազդեցության գոտի բերել»։