Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) բանտում ապօրինի կալանքի տակ է գտնվում Վրաստանի 10 քաղաքացի:
Այդ մասին Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացած Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 121-րդ հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերլուծական վարչության պետի տեղակալ Իրակլի Անթաձեն:
Անթաձեն նշել է, որ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվելու է անօրինական կալանքի տակ գտնվող անձանց ժամանակին իրենց ընտանիքներ վերադարձի խնդրի վրա:
Ըստ տեղեկության` կքննարկվեն նախորդ հանդիպումից մինչ օրս ապօրինի սահմանազատման փաստերը և հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում շուրջ մեկուկես ամիս արձանագրված բոլոր կարևոր միջադեպերը։ IPRM-ի շրջանակներում 120-րդ հանդիպումն Էրգնեթիում կայացել է հուլիսի 23-ին:
Անթաձեի խոսքով, այս ընթացքում Քարելիի և Գորիի մունիցիպալիտետների գյուղերում գրանցվել է «սահմանազատման» 8 դեպք, որոնց ընթացքում անցկացվել են փշալարեր և տեղադրվել մետաղական սյուներ։
Ի դեպ, IPRM ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո։ Աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության և Ռուսաստանի օկուպացիոն ուժերի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։