ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի փնտրել ուղիներ Վրաստանի հետագծի փոփոխության համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
«Վրաստանի հետագիծը մեզ շատ է անհանգստացնում։ Մեզ մտահոգում են վերջին հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքացիական հասարակության հանդեպ ոտնձգությունները և ազատ արտահայտվելու ու ազատության սահմանափակումները»,- ընդգծել է Քարփենթերը:
Լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հեռանկարի առումով նա նշել է, որ ԱՄՆ-ը դրա մասին նախապես չի խոսում, բայց փորձելու է պատասխանատվության ենթարկել կոռուպցիայի և հակաժողովրդավարական գործողությունների համար պատասխանատու անձանց։
Քարփենթերը խոսել է նաև հոկտեմբերի 26-ի ընտրությունների կարևորության մասին. ըստ նրա` արդեն իսկ մտահոգիչ են վարչական ռեսուրսի կիրառման օրինակներն ու վարչապետի հայտարարությունները կուսակցությունների հնարավոր արգելքի մասին։
Քարփենթերի հավաստմամբ` ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է առաջիկա ընտրություններին։