Վրաստանի Արևելք-Արևմուտք մայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում կառուցվում է
Վրաստանի ամենաբարձր կամուրջը: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ այդ կամրջի նմանը Վրաստանում դեռ չի կառուցվել:
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի խոսքով, կամրջի բարձրությունը 47-48 մետր է: Ի դեպ, մինչ այս կամուրջն` ամենաբարձրն էր համարվում Խաշուրիի շրջանցիկ կամուրջը՝ 42 մետր բարձրությամբ:
Նշվում է, որ Քվեշեթի-Կոբի 23 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է: Կառուցվում է 23 կմ-անոց 2 գոտի ասֆալտբետոնե լուսավորության համակարգով ճանապարհ, որը ներառում է 5 կամրջի և 5 թունելի կառուցում և 1 կամրջի վերականգնում։ Նախագիծը նախատեսում է դեպի Գուդաուրի 5 կմ երկարությամբ նոր մուտքի ճանապարհի կառուցում:
Նոր ճանապարհը կնվազեցնի ճամփորդության ժամանակը. եթե ներկայում Քվեշեթիից Կոբի ճամփորդությունը տևում է 1 ժամ, և ձնահոսքի վտանգի պատճառով էլ երթևեկությունը հաճախ արգելվում է, ծրագրի ավարտից հետո այս հատվածով ճամփորդությունը կտևի ընդամենը 15 րոպե։
«Ավարտվել են ամենաերկար՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով հիմնական թունելի և դրան զուգահեռ՝ 9 կմ երկարությամբ և 6 մ տրամագծով տարհանման թունելի հորատումը, որը Ծկերե գյուղը կապում է Կոբի գյուղին։ Ներկայում ընթանում են թունելներում ինժեներական հաղորդակցությունների, ծանուցման, անվտանգության և այլ համակարգերի կազմակերպման աշխատանքները»,- նշված է Ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ավարտվել են 1500 մ և 500 մ երկարությամբ երկու թունելների հորատման աշխատանքները: Մնացած 2 թունելների հորատման և բոլոր հինգ կամուրջների կառուցման աշխատանքներն ինտենսիվ ընթացքի մեջ են, ծրագրի ամենաերկար՝ 435 մետրանոց կամրջի կառուցման աշխատանքները, իսկ մյուսների վրա շարունակվում է հենասյուների կառուցումը։
Քվեշեթի-Կոբի 23 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի 2024-2025 թվականներին: Ծրագիրը թունելի կառուցման մասով համաֆինանսավորում են Վրաստանի կառավարությունը, Ասիական զարգացման բանկն (ADB) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ լարի