Թբիլիսիի հայտարարությունները տագնապալի են. The Washington Post

Ամերիկյան The Washington Post-ը «Վերջին կոչը վրացական ժողովրդավարության համար» վերտառությամբ հոդված է հրապարակել:

Հոդվածում նշվում է՝ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց քաղաքական խմբերի միջև ազատ մրցակցության։ Այդ իսկ պատճառով հարավկովկասյան տարածաշրջանում գտնվող Վրաստանից հնչած վերջին հայտարարությունները շատ տագնապալի են։

«Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ավտորիտար, ռուսամետ խմբավորումը, սպառնում է արգելել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանա։ Սա կարող է լինել Վրաստանի ժողովրդավարության վերջին կոչը: ԱՄՆ-ն կարող է ավելին անել այն փրկելու համար»,- նշված է The Washington Post-ի հոդվածում։

Հոդվածի հեղինակը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսքն է մեջբերել. նախագահն անցյալ ամիս իր ելույթում ուղղակիորեն ասել էր՝ ընտրությունները «էկզիստենցիալ» են. «Ընտրությունը լինելու է Ռուսաստանի ստրկության և Եվրոպայի հետ համագործակցության միջև»:

Հոդվածի հեղինակը գրել է նաև, որ Բիձինա Իվանիշվիլին, որ Վրաստանի նախկին վարչապետն է և կանգնած է «Վրացական երազանք»-ի թիկունքում, բազմիցս ընդդիմությանն անվանել է ստվերային «համաշխարհային դավադրության ճակատ»: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ դա արձագանքում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արևմուտքից սպասվող «գունավոր հեղափոխությունների» մասին խելացնոր նախազգուշացումներին։