Երևանի և Բրյուսելի միջև մեկնարկած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը դրական քայլ է և՛ Թբիլիսիի, և՛ տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Հարավային Կովկասից որքան շատ պետություն համագործակցի Եվրամիության հետ և ձգտի եվրանդամակցության, այդքան ավելի դրական կլինի ազդեցությունը տարածաշրջանի տնտեսության, ժողովրդավարացման և խաղաղության վրա, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի որոշ փորձագետներ:
Փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասում պատմական պահ է. երկու երկրներ միաժամանակ հնարավորություն ունեն քայլեր ձեռնարկելու եվրանդամակցության ուղղությամբ: Երևանը բանակցություններ է վարում այդ ձգտմամբ, Թբիլիսին՝ ի դեմս գործող կառավարության, ցավոք՝ սաբոտաժի է ենթարկում երկրի կատարած քայլերը եվրանդամակցությանը, ձեռքբերումները, ընդդիմանում է ժողովրդի կամքին և, փաստացիորեն, քաղաքական կուրսը փոխում է դեպի Մոսկվա:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ ցավալի է, որ այսպիսի պատմական պահին Հարավային Կովկասի երկու երկրների եվրանդամակցության ձգտումները չեն զուգադիպում: Ըստ նրա՝ եթե Թբիլիսին և Երևանը համագործակցեն այս ուղղությամբ, ապա նրանց քայլերն ավելի արդյունավետ և արագ կընթանան. Թբիլիսին, ցավոք, շեղվել է եվրանդամակցության ուղուց:
«Վրաստանի համար, որպես երկիր, բնական է՝ դրական է այն քայլը, որ տարածաշրջանային որևէ այլ երկիր ևս ձգտում է անդամակցել ԵՄ-ին: Երևանի քայլը դրական է ինչպես Թբիլիսիի համար, այնպես էլ` տարածաշրջանի: Ցավոք, Վրաստանում այսօր այնպիսի կառավարություն է գործում, որն այլ քաղաքական օրակարգ ունի, որը, փաստացիորեն, «ոչ» է ասում ԵՄ-ին և դիմում է երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության»,- ասաց Բիլանիշվիլին:
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանը և Եվրոպական միությունը սկսում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասն ասել է. «Սա քայլ է Հայաստանի և ԵՄ-ի ժողովրդի մերձեցմանն ընդառաջ և, ի ճանաչումն Հայաստանի ջանքերի՝ ուղղված է ԵՄ-ի հետ կապերի և ընդհանուր արժեքների ամրապնդմանը»։
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը, դրական գնահատելով Երևանի և Բրյուսելի միջև մեկնարկած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց. «Վրաստանի պետական շահերին օգտակար քայլ է. Վրաստանը միայնակ չի շարժվում դեպի ԵՄ, Արևմուտքն ու ԵՄ-ն երկու անգամ ավելի շատ են հետաքրքված տարածաշրջանով»:
Ըստ նրա՝ առանց Վրաստանի եվրանդամակցության, Հայաստանի համար դժվար կլինի միայնակ շարժվել այդ ուղղությամբ: Նրա խոսքով, «Վրացական երազանք» կուսակցությունը Կրեմլից եկած հրահանգով վատաբանում է Արևմուտքին, սաբոտաժի ենթարկում երկրի եվրանդամակցությունը, ինչն, իհարկե, իր բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի եվրանդամակցության վրա:
«Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր են ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար: Եթե Վրաստանը շարունակեն ղեկավարել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին («Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ — հեղ.) և իր ռուսական ռեժիմը, ապա Վրաստանը կշարունակի մնալ ավտորիտար ճամբարում, Հայաստանը ևս ստիպված կլինի մնալ ռուս-թուրքական «պատմական ձևաչափում», ինչը շատ վտանգավոր է հայկական պետականության համար»,- ասաց Թումասյանը:
Այս իրավիճակում «գործակալների օրենք»-ի Վրաստանում ընդունումից հետո Բրյուսելից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած հակաժողովրդավարական օրենքների և քայլերի պատճառով հնարավոր է չեղարկեն Թբիլիսի-Բրյուսել մուտքի արտոնագրերի ազատականացումը: Բրյուսելից, սակայն, նաև նշել են՝ այդ քայլին դեռևս չեն դիմում, քանի որ Վրաստանի ժողովուրդը ձգտում է ժողովրդավարության, բայց, այդուհանդերձ, չեն բացառել վիզայի ազատականացման չեղարկումը: