Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը Բաթումիում լրագրողներին ասել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում օտարերկրյա աջակցության մասին բազմաթիվ կեղծ տեղեկություններ են տարածվել։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում ապատեղեկատվություններ շատ են տարածվում, այդ թվում՝ «գործակալների մասին օրենքի» առնչությամբ։ Ինչ նպատակների է ծառայում օտարերկրյա աջակցությունը. օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց, օգնում է երիտասարդներին սովորել անգլերեն, օգնում է պահպանել և գնահատել վրացական մշակույթը: Սա է մեր աջակցությունը: Այնպես որ, սա դրական է, սա Վրաստանի հետ համատեղ աշխատանք է՝ բացասական չէ»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ դեսպանը խոսում է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների առումով ապատեղեկատվության տարածման շուրջ՝ «գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։
«Ցավոք, ապատեղեկատվություն կա Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունների մասին. ոմանք պնդում են, որ մենք գլոբալ պատերազմի կուսակցություն ենք կամ փորձում ենք հեղափոխություն անել այս երկրում, որ մենք մութ մտադրություններ ունենք. սա լսելը ցավալի է»,- ասել է Ռոբին Դաննիգանը։